+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Շագանակագեղձի քաղցկեղ

Հոդվածում

Շագանակագեղձի քաղցկեղը հանդիսանում է 45-ից բարձր տարիք ունեցող տղամարդկանց մահացության օնկոլոգիական հիմնական պատճառներից: Սույն հոդվածում ներկայացնում եմ, թե ինչպես է իրականացվում հիվանդության ախտորոշումը վաղ և ուշ փուլերում, որոնք են վերոհիշյալ հիվանդության բուժման և վերահսկողության ժամանակակից հնարավորությունները:

Ախտորոշում. շագանակագեղձի քաղցկեղ

Յուրահատկությունը՝ սարսափելի է. «Սա վերջն է...»: Ահա հիվանդների և նրանց հարազատների մեծամասնության մոտ ծագող առաջին միտքը: Այս հոդվածում խոսքը գնում է այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել այն դեպքում, երբ Ձեզ կամ Ձեր հարազատներից մեկի մոտ հայտնաբերվել է այս հիվանդությունը: Միանգամից խորհուրդ տամ՝ մի՛ հուսահատվեք: Այո՛, սա շատ լուրջ հիվանդություն է, սակայն ներկայումս գոյություն ունեն դրա բուժման արդյունավետ միջոցներ. շագանակագեղձի քաղցկեղի վիրահատություն նախնական փուլերում, իսկ վիրահատության անհնարինության դեպքում՝ հորմոնալ, քիմիա- և ճառագայթային թերապիա: Կարևոր է իմանալ և հասկանալ, որ շագանակագեղձի բուժման ժամանակակից մեթոդներն ունեն բարձր արդյունավետություն: Կարևոր է հիվանդությանը չհանձնվել՝ ոչ մի դեպքում:

Շագանակագեղձի քաղցկեղ. վիրահատություն

image/svg+xml

Այն դեպքերում, երբ տղամարդկանց նշանակված է շագանակագեղձի վիրահատություն, ես առաջարկում եմ լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա: 
Վերոհիշյալ մեթոդը՝ ռադիկալ լապարոսկոպիկ պրոստատէկտոմիան, թույլ է տալիս.
•    Իրականացնել առանց կտրվածքների վիրահատություն՝ 4 անցքի միջոցով, առանց ցավի, սպիների և արյունահոսության:
•    Պահպանել շագանակագեղձի նյարդանոթային խրձերը՝ պահպանելով էրեկցիան և միզապահությունը:
•    Վիրահատական դաշտի օպտիկական խոշորացման հաշվին շագանակագեղձի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատությունը չի հանգեցնում արյան կորստի:

Ի՞նչ կարելի է պատմել առողջ մարդուն, որը մեկ վայրկյանում դարձել է կյանքի տևողությունը կրճատող ծանր հիվանդությամբ տառապող հիվանդ. վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչքան են ապրում շագանակագեղձի քաղցկեղի դեպքու՞մ: Տվյալները տարբեր են. ժամանակահատվածը կարող է տատանվել 3 ամսից 10 տարի միջակայքում: Թե՞ պատմել նրան չարորակ ուռուցքների առաջացման խորքային մոլեկուլյար մեխանիզմների մասին: Ենթադրում եմ՝ պետք չէ: Հարցը, որը տանջում է այն հիվանդին, որին հայտնել են «շագանակագեղձի քաղցկեղ» ախտորոշման հանկարծակի լուրը, կհնչի մոտավորապես հետևյալ կերպ. «Իսկ հնարավո՞ր է, ընդհանրապես, ինչ-որ բան անել դրա դեմ: Թե՞ սա արդեն վերջն է»:

Հնարավոր է: Ավելին՝ պետք է: Այո՛, իրականում դեռևս գոյություն ունեն մահացու հիվանդություններ, հատկապես օնկոլոգիայում, որոնք դժվարությամբ են բուժվում: Շագանակագեղձի չարորակ ուռուցքը դրանց թվին չի դասվում:

«...Այս հիվանդությունը բազմաթիվ կյանքեր է խլում… Այն դեպքում, երբ սովորական զննումն կարող էր այն բացահայտել առաջին իսկ ստադիայում»

Շագանակագեղձի քաղցկեղի պատճառները

Կցանկանայի, որ յուրաքանչյուր հիվանդս, կարդալով այս տեքստը, պարզ պատկերացում կազմեր իր հիվանդության յուրահատկությունների մասին: Այս դեպքում իմ և հիվանդի միջև կստեղծվեր շատ ավելի լավ համագործակցություն, իսկ դա կտրուկ կբարձրացներ բուժման արդյունավետությունը: Այո՛, հենց բուժմա՛ն, շագանակագեղձի քաղցկեղից բուժման: 
Ուռուցքային ցանկացած գործընթացի էությունը կայանում է բջջի բազմացման մեջ: Չարորակ գործընթացի էությունն է՝ բջջի կողմից սեփական հատկությունների կորուստը և տարածվելու ունակության ձեռքբերումը:
Չարորակ, քաղցկեղային բջիջը նորմալ բջջից տարբերվում է նրանով, որ սկսում է արագ բազմանալ, իսկ բազմացումից հետո ճյուղավորվել, այսինքն՝ տարածվել մյուս՝ դեպի առավել հեռու գտնվող օրգաններ՝ արյան հոսքի միջոցով: Չարորակ ուռուցքի ևս մեկ յուրահատկություններից է ինտոքսիկացիան՝ օրգանիզմի թունավորումը չարորակ բջիջների կողմից արտադրված նյութերով:

Չարորակ բջիջը բազմանում է անվերահսկելի կերպով՝ տարածվելով դեպի առավել հեռու գտնվող օրգաններ և թունավորելով օրգանիզմը:

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը. ախտանիշեր և հատկանիշեր տղամարդկանց մոտ

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն  ունի իր յուրահատուկ կողմերը: Առաջին հերթին, կարևոր է ուռուցքի բացահայտումը վաղ շրջանում: Քանի որ տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշերն առաջին և երկրորդ ստադիաներում ոչ մի կերպ չեն արտահայտվում, դրա միակ հնարավորությունն է ուրոլոգի տարեկան այցելությունը և արյան PSA (ՊՍՀ/Պրոստատ-սպեցիֆիկ հակածին) անալիզի հանձնումը: Ախտորոշումը հաստատելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շագանակագեղձի բիոպսիա: Մինչդեռ, ի՞նչ պետք է անի հիվանդը, որն արդեն անցել է բիոպսիա և որի մոտ արդեն իսկ ախտորոշել են օնկոլոգիական հիվանդություն: Ըստ էության, անհրաժեշտ է անցնել այն հետազոտությունները, որոնք թույլ կտան հասկանալ՝ որ ստադիայում է գտնվում գործընթացը, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեթոդի ընտրությունն ուղղակիորեն կախված է ստադիայից՝ լինի դա շագանակագեղձի վիրահատական հեռացում, թե հորմոնալ կամ ճառագայթային թերապիա:

Ախտորոշումը պետք է տա պատասխան հետևյալ հարցերին. ո՞ր ստադիայում է ուռուցքը, առկա՞ են արդյոք մետաստազներ թոքերում, ավշային հանգույցներում և ոսկորներում, հնարավո՞ր է արդյոք իրականացնել վիրահատություն և ինչպե՞ս դա անել:

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեթոդները

Փոքր կոնքի ՄՌՏ

Թույլ է տալիս ճշգրիտ կերպով որոշել ուռուցքի չափերը, դրա տարածվածությունը շագանակագեղձի սահմաններից դուրս և բացառել մետաստազները՝ քաղցկեղի տարածումը ավշային գեղձեր:

Թոքերի ՀՏ

Կոնտրաստավորմամբ համակարգչային տոմոգրաֆիան թույլ կտա բացառել թոքերում առկա մետաստազները, ինչն իր հերթին հնարավորություն կտա վիրահատական տարբերակով բուժել շագանակագեղձի քաղցկեղը:

Օստեոսցինտիգրաֆիա

Ոսկորների սպեցիֆիկ հետազոտություն, որը թույլ է տալիս բացառել շագանակագեղձի քաղցկեղի մետաստազների տարածվածությունը ոսկորներում:

Սովորական մի պատմություն պրակտիկայից

...— Բժի՛շկ Դիլանյան, ես իրոք ոչինչ չեմ հասկանում... Քաղցկեղը մնում է քաղցկեղ: Ինչքան ինձ տրված է ի վերուստ, այնքան էլ կապրեմ: Ի՞նչ կարիք կա այս բոլոր հետազոտություններն իրականացնելու:
— Աստված մեզ ոչ միայն հիվանդություններ է տվել, Վիկտոր Պավլովի՛չ: Աստված մեզ տվել է նաև գիտություն, որի օգնությամբ կարող ենք հաղթել հիվանդությունը: Այս հետազոտություններն ինձ անհրաժեշտ են, որպեսզի որոշեմ Ձեր հիվանդության ստադիան: Եվ որպեսզի բուժեմ Ձեզ:
— Թոքերի ռենտգե՞ն: Ոսկորների հետազոտությու՞ն: Մի՞ թե այս ամենի անհրաժեշտությունը կա:
— Նայե՛ք, Վիկտոր Պավլովի՛չ: Շագանակագեղձի քաղցկեղի մետաստազներ առավել հաճախ հայտնաբերվում են հենց ոսկորներում կամ թոքերում: Այդ պատճառով էլ թոքերի սովորական ռենտգեն հետազոտությունը մեզ թույլ կտա բացառել մետաստազների առկայությունը թոքերում, իսկ օստեօսցինտիգրաֆիան, այսինքն՝ ոսկորների հետազոտությունը, թույլ կտա բացառել մետաստազների առկայությունը ոսկորներում:
— Իսկ ո՞րն է համակարգչային տոմոգրաֆիայի նպատակը:
— Գնահատել անմիջապես շագանակագեղձի, ինչպես նաև՝ ավշային հանգույցների վիճակը:
— Լավ, ասենք, գնահատեցինք այդ ամենը: Իսկ հետո՞:
— Այնուհետև կընտրենք բուժման ստրատեգիան, Վիկտոր Պավլովիչ: Եթե լինի նույնիսկ նվազագույն հնարավորություն, որ շագանակագեղձի քաղցկեղի ռադիկալ վիրահատությունը Ձեզ կբուժի, ես խորհուրդ կտամ կիրառել վիրահատական միջամտություն:
— Իսկ եթե... Իսկ եթե մետաստազնե՞րը... Ինձ կմնա սպասել մահվա՞նս:
— Չհամարձակվե՛ք նույնիսկ մտածել այդ մասին: Ձեր թոռնիկն ընդամենը 3 տարեկան է: Ի՞նչ մահվան մասին է խոսքը: Նույնիսկ մետաստազների առկայությունը դեռևս մահապատիժ չէ:

«Ինչ չբուժվի դեղամիջոցով, կբուժվի երկաթով:
Ինչ չբուժվի երկաթով, կբուժվի կրակով...»

Շագանակագեղձի քաղցկեղի բուժումը տղամարդկանց մոտ

Հիվանդին շագանակագեղձի քաղցկեղի մասին պատմելիս ամենակարևորն է պատասխանել 3 հարցի.
•    հնարավո՞ր է արդյոք լրիվ ապաքինումը շագանակագեղձի քաղցկեղի տվյալ ստադիայում,
•    ո՞րն է բուժման առավելագույն անվտանգ մեթոդը տվյալ հիվանդի համար,
•    որո՞նք են բժշկի գործողությունները կյանքի առավելագույն բարձր որակի ապահովման հարցում:

Ինչպես նախկինում, այժմ ևս շագանակագեղձի օնկոլոգիայի ռադիկալ բուժման մեթոդն է վիրահատական միջամտությունը: Եթե ուռուցքը չի անցել շագանակագեղձի սահմանները, եթե ավշային հանգույցներում կամ ոսկորներում մետաստազներ չկան, ապա հիվանդի՝ շագանակագեղձի քաղցկեղից լիակատար բուժվելու հավանականությունը շատ բարձր է:

Օնկոլոգիայում գործում է հետևյալ սկզբունքը. փոքր ուռուցք՝ մեծ վիրահատություն, մեծ ուռուցք՝ փոքր վիրահատություն...

Վիրահատություն շագանակագեղձի քաղցկեղի դեպքում

Որոշումն առաջին հայացքից թվում է պարզ և տարրական. Եթե որևէ օրգան, ինչպես օրինակ, շագանակագեղձը, ախտահարված է անբուժելի աստիճանի, ավելին, այդ հիվանդության զարգացումը կարող է հանգեցնել մահվան, ապա օրգանն անհրաժեշտ է հեռացնել: Այսինքն, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում կենսական անհրաժեշտություն է հանդիսանում վիրահատական միջամտությունը:
Սակայն այստեղ առաջ է գալիս երեք հարց. կարելի՞ է արդյոք վիրահատել տվյալ հիվանդին, ինչպիսի՞ն կլինի նրա կյանքի որակը շագանակագեղձի վիրահատությունից հետո և վիրահատական բուժման ո՞ր մեթոդն ընտրել:
Կցանկանայի, որ հիվանդներիցս յուրաքանչյուրը, դիմելով վիրահատության, իմանար այդ հարցերի պատասխանները: Կարելի է և անհրաժեշտ է վիրահատել առաջին կամ երկրորդ ստադիայի հիվանդներին. ճնշող մեծամասնության դեպքում՝ վիրահատության արդյունքում նրանք լիովին կբուժվեն:

Շագանակագեղձի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն և վիրահատության հետևանքները

Վիրահատության տարբերակները, որոնք ես առաջարկում եմ իմ հիվանդներին հետևյալն են՝ շագանակագեղձի և ավշային հանգույցների ռադիկալ հեռացում: Հիմնականում խոսքը գնում է լապարոսկոպիկ պրոստատէկտոմիայի մասին՝ միջամտություն, որը չի պահանջում մեծ կտրվածք: Որովայնի պատին արված 4-5 անցքերի միջոցով ներմուծվում են նուրբ գործիքներ, որոնց օգնությամբ հեռացվում է շագանակագեղձը: Տվյալ մեթոդի առավելությունն է շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության այնպիսի ծանր հետևանքների բացակայությունը, ինչպիսիք են՝ հետվիրահատական ցավերը, բորբոքումները և ճողվածքների առաջացումը, ինչպես նաև գերազանց կոսմետիկ էֆեկտը և կարճաժամկետ հոսպիտալացումը:

Լապարոսկոպիկ վիրահատության առավելությունները

"Ոսկե ստանդարտ"

Շագանակագեղձի քաղցկեղի հեռացման լապարոսկոպիկ վիրահատությունը՝ լապարոսկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիան, հանդիսանում է շագանակագեղձի օնկոլոգիական հիվանդության բուժման ժամանակակից ստանդարտ:

Ճշգրիտ պատկեր

Վիրահատական դաշտի՝ մոտ 10-անգամյա խոշորացումը հնարավորություն է ընձեռում շագանակագեղձի հեռացումն իրականացնել առանց արյունահոսության՝ պահպանելով նյարդանոթային խուրձը և միզուկի առավելագույն երկարությունը:

Կյանքի որակ

Նյարդանոթային խրձի պահպանումը հնարավորություն է ընձեռում հիվանդին զերծ պահել անմիզապահությունից և էրեկտիլ ֆունկցիայի կորստից: Դա կարևորագույն հանգամանքներից է, որը թույլ է տալիս, որպեսզի հիվանդն ունենա կյանքի նորմալ որակ, այլ ոչ թե ուղղակի գոյատևի որպես տղամարդ:

Ցավի բացակայություն

Կտրվածքի բացակայությունը հիվանդին ապահովագրում է հետվիրահատական ծանր ցավերից և թույլ է տալիս չդիմել ծանր դեղերի՝ թմրանյութերի օգտագործմանը:

Ռիսկերի նվազեցում

Շագանակագեղձի լապարոսկոպիկ հեռացումից հետո բացակայում է հետվիրահատական ճողվածքների ռիսկը, որոնք, ի տարբերություն սովորական ճողվածքների, շատ դժվարությամբ են բուժման ենթարկվում:

Արագ վերականգնում

Որպես կանոն՝ լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հիվանդը դուրս է գրվում 3-րդ կամ 4-րդ օրը, իսկ վիրահատությունից մեկ շաբաթ անց կարողանում է վերսկսել աշխատանքը:

Պատմության շարունակությունը

...— Վիկտոր Պավլովի՛չ, ինչպես այն անհաջող անեկդոտում, ես ունեմ երկու նորություն՝ լավ և վատ: Լավ նորությունը հետևյալն է՝ շագանակագեղձի քաղցկեղը Ձեզ մոտ գտնվում է վաղ փուլում, մետաստազներ չկան: Վատ նորությունը հետևյալն է՝ անհրաժեշտ է դիմել վիրահատական միջամտության:
— Դե... ես մոտավորապես այդպես էլ ենթադրում էի... Իրականում, չէ՞ որ դա լավ է, Հովհաննե՛ս Էդուարդովիչ. նշանակում է՝ հնարավոր է ինձ ազատել այդ նողկալի հիվանդությունից:
— Դե, ընդհանուր առմամբ, այո, իհարկե: 
— Ինչպես, թերևս, ցանկացած հիվանդի, ինձ ևս հետաքրքրում են ռիսկերը և բարդությունները: Ի՞նչ է ինձ սպասում:
— Վիկտոր Պավլովի՛չ, շագանակագեղձի հեռացման ընթացքում վիրաբույժը հաճախ ստիպված է լինում վնասել միզապահությա Uն և էրեկտիլ ֆունկցիաներն ապահովող նյարդերը: Այդ իսկ պատճառով՝ շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության՝ առավել հաճախ հանդիպող բարդություններն են հենց անմիզապահությունը և պոտենցիայի խանգարումը: Սակայն Ձեր դեպքում հնարավոր է իրականացնել նյարդերը չվնասող վիրահատություն. ես կպահպանեմ Ձեր նյարդանոթային խրձերը: Այսինքն, տվյալ բարդությունների ռիսկը Ձեր դեպքում հասցված է նվազագույնի:
— Իսկ... Իսկ եթե այնուամենայնիվ... Եթե այդ ամենը տեղի ունենա՞:
— Դա ևս խնդիր չէ: Ներկայումս գոյություն ունեն թե՛ անմիզապահության, թե՛ էրեկտիլ դիսֆունկցիայի կարգավորման ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրահատական մեթոդներ:
— Շատ լավ... Իսկ որքա՞ն է տևում վիրահատությունը: 
— Մոտ չորս, երբեմն նաև՝ հինգ ժամ: 
— Հովհաննե՛ս Էդուարդովիչ, Դուք, կարծես, ինչ-որ բան էիք ասում ավշային հանգույցների հեռացման վերաբերյալ: Բայց չէ՞ որ ինձ մոտ ամեն ինչ մաքուր էր՝ ըստ ՄՌՏ հետազոտության արդյունքների: Դուք հեռացնելու՞ եք իմ ավշային հանգույցները:
— Ցավոք, այո, Վիկտո՛ր Պավլովիչ: Ճիշտ է, ըստ ՄՌՏ հետազոտության արդյունքների, Ձեզ մոտ խոշորացած ավշային հանգույցներ չեն հայտնաբերվել: Սակայն, այնուամենայնիվ, մետաստազների առկայությունը հնարավոր է՝ Դուք ունեք ՊՍՀ (PSA)-յի՝ 10նգ/մլ-ից բարձր արդյունք: Ավշային հանգույցների հեռացումը, առաջին հերթին, կապահովի առավել դրական կանխատեսում, իսկ երկրորդ հերթին՝ հիստոլոգիական հետազոտությունը թույլ կտա ճիշտ ընտրություն կատարել բուժման տակտիկայի հարցում:
Վիրահատությունից յոթ օր անց ես դուրս գրեցի Վիկտոր Պավլովիչին: Հիստոլոգիական արդյունքները լավն էին: Արդյունքում ես նրան ընդամենը խորհուրդ տվեցի յուրաքանչյուր եռամսյակ ստուգել ՊՍՀ (PSA)-ն: Աննշան անմիզապահությունը նրա մոտ վերացավ ինքնուրույն՝ հինգ շաբաթ անց:

«Թերապիան հիվանդության հետ բանակցություն է:
Վիրահատությունը՝ որոշիչ գրոհ»:

Հորմոնալ թերապիա շագանակագեղձի քաղցկեղի դեպքում

Ընդհանուր առմամբ օնկոլոգիայի և, մասնավորապես, օնկոլոգիական վերոհիշյալ հիվանդության դեպքում, բարդ տերմինոլոգիայի մեջ հիվանդին, ըստ իս, հարկավոր է և կարևոր է իմանալ հետևյալը.
Քաղցկեղային բջիջները բաժանվում են երեք խմբի՝ հորմոնալ կախվածությամբ, հորմոնների նկատմամբ զգայուն և հորմոնալ կախվածություն չունեցող բջիջներ:
Բջիջների առաջին տեսակը չի կարող գոյատևել տղամարդկանց սեռական հորմոնի՝ տեստոստերոնի բացակայության պայմաններում: Բջիջների երկրորդ տեսակը չի կարող բազմանալ տեստոստերոնի բացակայության պայմաններում: Իսկ բջիջների երրորդ տեսակի վրա տեստոստերոնը որևէ ազդեցություն չունի:
Ինչու՞ է դա կարևոր: Խնդիրը նրանում է, որ քաղցկեղային բջիջների մեծամասնությունը տվյալ դեպքում զգայուն են տեստոստերոնի հանդեպ. դրանք կարող են ապրել և բազմանալ միայն տվյալ հորմոնի առկայության դեպքում: Հենց այդ հանգամանքի վրա էլ հիմնվում է թերապիան. նշանակվում են անհատական հիմունքներով ընտրված հատուկ դեղամիջոցներ, որոնք դադարեցնում են օրգանիզմում տեստոստերոնի արտադրման գործընթացը: Այդ ամենն իրականացվում է այնքան ժամանակ մինչ օրգանիզմում սկսում է գործել բջիջների երրորդ տեսակը, որոնք զգայուն չեն տեստոստերոնի նկատմամբ: Նման թերապիան տարբերվում է ծայրահեղ բարձր արդյունավետությամբ:
Իսկ ինչ վերաբերում է երրորդ տեսակի բջիջներին, ապա դրանց դեմ գոյություն ունեն այլ՝ քիմիոթերապևտիկ կամ ճառագայթային բուժման տարբերակներ:

Ամեն բան անհրաժեշտ է անել ժամանակին:

Շագանակագեղձի քաղցկեղ՝ 3-րդ և 4-րդ ստադիաներ

— Վիկտո՛ր Պավլովիչ: Որքա՜ն ժամանակ է՝ չենք հանդիպել: Ներս եկեք:
— Բարի օր, Հովհաննե՛ս Էդուարդովիչ, - ժպտում է հիվանդս, - Գործերն ինչպե՞ս են:
— Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ժպիտից կարելի է ենթադրել, որ Ձեզ մոտ ևս ամեն բան լավ է:
— Հըմ... Ես երկու նորություն ունեմ, ինչպես Դուք այն ժամանակ՝ լավ և վատ:
— Ե՞վ, - զգուշավորությամբ ասացի ես, - դե պատմեք, տեսնենք:
— Անձամբ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է... Արդեն մեկ տարի է՝ ՊՍՀ (PSA)-յի արդյունքները զրոյական են:
— Հիանալի է: Իսկ ո՞րն է վատ նորությունը: 
— Եղբորս մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ:  Ուշ փուլ: Ոսկորներում առկա են մետաստազներ... Բայց չէ՞ որ Դուք կբուժեք նրան, անպես չէ՞:

Չարորակ ուռուցքի ևս մեկ յուրահատկություններից է մետաստազների տարածումը ոսկորներում: Ի՞նչ կարելի է անել մետաստազների առկայության դեպքում: Նման իրավիճակում վիրահատական միջամտությունն արդարացված չէ. ուռուցքն արդեն դուրս է եկել վերահսկողությունից, այն արդեն ոսկորներում է և արդեն առաջացնում է բավականին ուժեղ, երբեմն նույնիսկ՝ անտանելի ցավեր: Կարելի՞ է արդյոք ինչ-որ բան անել, թե միայն ցավազրկում:
Կարելի է: Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակակից քիմիոթերապիան թույլ է տալիս հաջողությամբ պայքարել ոսկորների մետաստազների դեմ. գոյություն ունեն այնպիսի դեղամիջոցներ, որոնք կալցիումն ուղղակիորեն «քշում» են դեպի մետաստազների հատվածներ՝ դրանք վերստին վերածելով ոսկորների:

Օնկոուրոլոգիայի գիտակլինիկական կենտրոնը հիմնելիս իմ առջև խնդիր էի դրել միավորել վիրաբույժ-ուրոլոգի, քիմիոթերապևտի, օնկոլոգի և ռադիոլոգի ջանքերը՝ լավագույն արդյունքների հասնելու նպատակով: Ամեն անգամ հիվանդի հետ կոնսուլտացիայի ընթացքում մենք միասնական կերպով ընտրում ենք բուժման մեթոդը և հետագա հսկողության ռեժիմը:

Հաճախ հենց այդ հանգամանքն է օգնում ամենից շատ. իմ հիվանդի եղբոր համար ընտրվեց նրան անհրաժեշտ թերապիան, ինչ և հանգեցրեց ոսկորների վիճակի նորմավորման և օնկոլոգիական հիվանդության զարգացման դադարեցմանը: Իսկ այդ ամենը միասին նշանակում է ոչ միայն մարդու կյանքի երկարացում, այլև՝ կյանքի բարձր որակ:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է շագանակագեղձի քաղցկեղի վիրահատություն Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք Ձեր վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: Հաշվի առնելով բոլոր նախնական հետազոտությունները: Ընդամենը մեկ շաբաթ անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Իրինա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Լավագույներից լավագույն՝ մեծատառով բժիշկ: Անունս Իրինա է: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել Հովհաննես Էդուարդովիչին՝ հրաշագործ ձեռքերով այս բժշկին: Երբ ամուսնուս կայացրեցին սարսափելի այդ ախտորոշումը՝ շագանակագեղձի քաղցկեղ, աշխարհը փուլ եկավ մեր առջև: Սակայն շնորհակալ եմ Վիկտորիային՝ ադմինիստրատորին: Նա ամեն բան կազմակերպեց շատ արագ, կապեց մեզ այդ հիանալի բժշկի՝ Հովհաննես Էդուարդովիչի հետ: Բժիշկն ամեն բան լուծեց արագ և հստակ կերպով: Մայիս ամսին մենք իմացել էինք ախտորոշման մասին, հունիսին իրականացվեց բիոպսիա, իսկ հուլիսին արդեն իրականացվեց վիրահատությունը: Վերականգնման փուլը տևեց երեք ամիս. այդ ողջ ընթացքում մեզ սատարում էր այդ հիանալի թիմը՝ ադմինիստրատոր Վիկտորիան, Նիկիտա Միխաիլովիչը և Հովհաննես Էդուարդովիչը: Երեկ հանձնել ենք անալիզները. շատ էինք մտահոգվում, սակայն պարզվեց՝ զուր էր: Արդյունքները լավն էին: Սակայն  այլկերպ չէր էլ կարող լինել: Չէ՞ որ Հովհաննես Էդուարդովիչն իր գործում մեծ պրոֆեսիոնալ է, առավել ևս՝ նման թիմով: Մեր ծանոթության հենց առաջին իսկ օրվանից նա ամուսնուս ու ինձ ներշնչեց, որ մեզ մոտ ամեն ինչ բարեհաջող է լինելու: Ասաց և արեց: Խոնարհվում ենք Ձեր առջև և մեր անսահման երախտագիտությունը հայտնում այն ամենի համար, ինչ աել եք մեզ համար: Ողջ կյանքիս ընթացքում աղոթելու եմ Ձեր առողջության համար: Մեր ողջ ընտանիքի կողմից անսահման, պարզապես մարդկային շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Աստված Ձեզ պահապան: Չէ՞ որ Ձեր գերազանց թիմի հետ միասին Դուք հրաշքներ եք գործում:
Հարգանքով, մեր ողջ ընտանիքի կողմից:

Շագանակագեղձի քաղցկեղ
կարդալ ավելին
Եվգենի Կ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հորս մոտ ի հայտ էին եկել ծայրահեղ ուրոլոգիական և պրոկտոլոգիական շատ տհաճ ախտանիշեր: Դիմեց բժիշկ Դիլանյանին, որը պնդեց, որ անհրաժեշտ էր իրականացնել շտապ ախտորոշում: Մի շարք հետազոտություններից հետո՝ ռեկտոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, ունեցանք ախտորոշում՝ միզապարկաաղիքային վիրախորշ, նորագոյացություններ աղիքներում և շագանակագեղձի ադենոմա: Չնայած բժիշկ Դիլանյանն անձամբ չէր իրականացնում կոլոնոպրոկտոլոգիական մասը, սակայն մեզ համար ողջ տեղեկատվությունն ապահովվոց բարձր մակարդակով: Մենք գիտեինք այն ամենն ինչ անհրաժեշտ էր և այն ձևաչափով, որն անհրաժեշտ էր: Բժիշկ Դիլանյանն անձամբ մասնակցեց միզապարկի կողմից վիրախորշի հեռացման վիրահատությանը, ինչպես նաև անցկացրեց դրան հաջորդող շագանակագեղձի ադենոմայի հեռացման վիրահատությունը: Վիրահատություններն անցան առավելագույն հաջողությամբ, հայրս սկսեց ապրել միանգամայն այլ կյանքով, վերականգնվեց ֆիզիոլոգիապես: Իմ ողջ ընտանիքն անսահման երախտապարտ է բժիշկ Դիլանյանին: Այդ ժամանակից ի վեր բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել այդ բժշկին: Հիանալի պրոֆեսիոնալ, զգոն, խարիզմատիկ անձնավորություն, ներշնչում է լավատեսություն և վստահություն դրական ելքի առումով, ինչը պակաս կարևոր չէ, որքան նրա՝ որևէ կասկածի չենթարկվող պրոֆեսիոնալիզմը:

Շագանակագեղձի քաղցկեղ
կարդալ ավելին
Դոկտոր Ամրոյան

Կարծիք՝  doctors.am կայքից

Ցանկանում եմ անսահման երախտագիտությունս հայտնել աստվածատուր այս բժշկին, որի անունն է Հովհաննես Էդուարդի Դիլանյան: Սակայն ամեն բանի մասին կխոսեմ հերթականությամբ: Ես ինքս բժիշկ եմ, սակայն մենք ևս հիվանդանում ենք: Ինձ մոտ բժիշկն ախտորոշեց բավականին բարձիթողի վիճակի հասած՝ շագանակագեղձի ադենոկարցինոմա: Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել ապրումները, որ ունեցա այդ ժամանակահատվածում. այդ ճանապարհով անցած մարդիկ դա լավ կհասկանան: Ինձ խորհուրդ էին տալիս մեկնել Գերմանիա, Իսրայել: Սակայն հանկարծ ուրոլոգ-վիրաբույժ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց դիմել Հովհաննես Դիլանյանին, որն այդ պահին Երևանում էր: Թերևս ճակատագիրն էր: Բժիշկ Դիլանյանը լապարասկոպիկ մեթոդով փայլուն կերպով իրականացրեց ուռուցքի (շեշտեմ՝ բարձիթողի վիճակում գտնվող ուռուցքի) հեռացման վիրահատությունը: Անցավ մեկ տարի և երեք ամիս՝ ինքնազգացողությունս փայլուն է, ապրում եմ լիարժեք կյանքով, բոլոր ֆունկցիաներս վերականգնվել են մոտավորապես մեկ տարվա ընթացքում: Անչափ շնորհակալ եմ, ԴՈԿՏՈՐ ՋԱՆ!

Շագանակագեղձի քաղցկեղ
կարդալ ավելին
Շագանակագեղձի քաղցկեղ
կարդալ ավելին
Շագանակագեղձի քաղցկեղ
կարդալ ավելին