+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Ախտորոշում. երիկամի կիստա

Յուրահատկություն. երիկամի կիստան այն հիվանդություններից է, որոնք սովորաբար անվանում են «լռակյաց դահիճ»: Եվ իսկապես, գոյություն չունեն կոնկրետ այդ հիվանդությանը բնորոշ ցավեր: Կարող են լինել որոշակի ցավեր գոտկատեղի շրջանում (կարող են նաև չլինել), սակայն մեր օրերում ո՞վ չունի մեջքի ցավ: Բարձրանում է զարկերակային ճնշումը՝ ոչինչ, դեղ կխմենք և վերջ:
Արդյունք. երբ հիվանդի մոտ ախտորոշում են այդ հիվանդությունը, ապա երիկամն ինքն արդեն վաղուց ի վեր գտնվում է սեղմված վիճակում և կորցրած է լինում իր ֆունկցիաները, բարձր ճնշման հետևանքում հիվանդի մոտ առաջացել են երկրորդային բարդություններ, իսկ երիկամի գոյացությունն արդեն հսկայական չափերի է հասնում: Ավելին, հազվագյուտ չեն դեպքերը, երբ երիկամի կիստան, դառնալով չարորակ, վերածվում է քաղցկեղի:
Այդ իսկ պատճառով, մենք գտնում ենք, որ երջանիկ են այն հիվանդները, որոնք ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հանկարծակի կերպով հայտնաբերել են երիկամի կիստա: Նրանք դեռևս չեն տառապում այդ հիվանդության բարդացումներից և ստիպված չեն լինում համառորեն վերականգնել երիկամի ֆունկցիան: Ինչպես միշտ, այստեղ ևս աշխատում է հնուց եկած կանոնը. որքան շուտ է բժշկի դիմում հիվանդը, այնքան ավելի դյուրին է լինում բուժումը:

Երիկամի կիստա. վիրահատություն

image/svg+xml

Մի՞թե անհրաժեշտ է վիրահատել երիկամի վրա առաջացած հեղուկ պարունակող ցանկացած գոյացություն: Ո՛չ, ո՛չ ցանկացած գոյացություն:
Վիրահատությունն անհրաժեշտ է, եթե.
•    Երիկամի կիստայի չափը գերազանցում է 4սմ-ն,
•    Այն փոքր է, սակայն սեղմում է երիկամի ավազանը,
•    Դրանում կան կամ առաջացել են միջնապատեր,
•    Երիկամի կիստան արյունահոսում կամ բորբոքվում է:

Մենք առաջարկում ենք երիկամի կիստաների հետևյալ վիրահատությունները.
Երիկամի կիստայի պունկցիա սկլերոթերապիայով: Պրոցեդուրայի իմաստը կայանում է նրանում, որ գոյացության խոռոչից «դուրս է բերվում» հեղուկը և ներարկվում է հատուկ նյութ, որը ներսից սոսնձում է պատերը: Նույն մեթոդը կիրառվում է երիկամի պարազիտար կիստաների դեպքում:
Երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացում: Ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում ևս լապարոսկոպիկ մեթոդը նախընտրելի է բաց վիրահատությունից: Նույնիսկ միայն այն պատճառով, որ չկա կտրվածք, ցավ, իսկ հիվանդը ձախ կամ աջ երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացումից հետո կարողանում է տուն վերադառնալ վիրահատության հաջորդ օրը:
 

«Անընդհատ ինչ-որ ձգող ցավեր ունեմ ձախ կողմից... Մերսումներ, ֆիզիոթերապիա... ոչինչ չէր օգնում: Գնացի բժշկի, ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվեց ձախ երիկամի մեծ կիստա», «Հղիանալուց առաջ որոշեցի հետազոտվել: Ոչ մի ցավ չունեի, սակայն ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ասացին, որ երիկամում կա 6 սանտիմետրանոց հեղուկային գոյացություն», «Ճնշումս միշտ բարձր է: Մինչև ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելը, մեկ ու կես տարի ինձ բուժեցին հաբերով: Պարզվեց՝ դա սեղմում էր անոթը, ինչի արդյունքում էլ բարձրանում էր ճնշումս», «Ես գիտեի, որ աջ երիկամի կիստա ունեմ: Հերթական անգամ գնացի ստուգման, ասացին, որ գոյացությունը սկսել է ձեռք բերել չարորակ բնույթ»:

Մոտավորապես այսպիսիք են այս ախտորոշմամբ հիվանդների մեծամասնության գանգատները: Կցանկանայի, որպեսզի բոլոր հիվանդներս հասկանային մի պարզ բան. կիստան դասակարգվում է որպես «երիկամի նորագոյացություն»: Այո՛, նման ախտորոշումների կեսից ավելիի դեպքում խոսքը գնում է բարորակ գոյացության մասին: Սակայն յուրաքանչյուր անգամ, երբ ինձ մոտ է գալիս այս ախտորոշմամբ հիվանդ, ես ինքս ինձ երկու հարց եմ տալիս. արդյո՞ք այդ կիստան պարազիտար չէ և արդյո՞ք խոսքը երիկամի չարորակ գոյացության մասին չէ:

«Դու՛ք, այո՛, Դու՛ք: Ինչու՞ եք հիվանդին ասել, թե նրա մոտ միտրալ փականի ռեգուրգիտացիա է: Լավ, ասենք՝ նա Ձեզ չհասկացավ: Բայց չէ՞ որ Դուք նույնիսկ ինքներդ Ձեզ չհասկացաք»

Հայտնի մի պրոֆեսորի խոսքերից

Երիկամի կիստան բարակ պատերով գոյացություն է, որը լցված է հեղուկով: Այն հիշեցնում է ջրով լցված փուչիկ: Անհրաժեշտ է հասկանալ, որ դրա ներքին մակերեսը մշտապես հեղուկ է արտադրում, և որ այդ նորագոյացությունը դանդաղ, սակայն մշտապես մեծանում է: Հասնելով մեծ չափերի՝ այն սկսում է սեղմել երիկամը՝ խանգարելով վերջինիս ֆունկցիաները:

Ինչո՞վ է վտանգավոր երիկամի կիստան

Գոյություն ունի վտանգավոր մոլորություն, որ այդ պաթոլոգիայի դեպքում ոչինչ պետք չէ անել: Եկե՛ք մտածենք՝ ինչի կարող է հանգեցնել երիկամի կիստը:
•    Ցավ: Այո՛, կիստայի պատի մեջ ուղղակի չկան ցավի ռեցեպտորներ: Այո՛, բավականին հաճախ չի լինում ցավի որևէ զգացում: Սակայն հենց երիկամի կապսուլան չափից շատ ձգվի գոյացության կողմից, կառաջանա ցավ: Գոտկատեղի հատվածում ծանրության և անհարմարության մշտական զգացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն երիկամի, այլև գոտկատեղի մկանի՝ սեղմված լինելու պատճառով:
•    Զարկերակային ճնշման բարձրացում: Երիկամը զարմանալի օրգան է: Այդ օրգանով 3-4 րոպեում անցնում է մարդու արյան ողջ ծավալը: Դեպի երիկամ արյան մուտքը կրճատվելուն պես երիկամը սկսում է արտադրել հատուկ նյութ՝ ռենին: Վերջինս էլ բարձրացնում է զարկերակային ճնշումը, որպեսզի երիկամը ստանա արյան նորմալ, սովորական քանակություն: Այդ իսկ պատճառով, երբ նորագոյացությունը ճնշում է գործադրում անոթների վրա, երիկամը կամ նույնիսկ դրա մի մասը մնում է առանց արյան նորմալ քանակության, սկսվում է ռենինի արտազատում, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման «երիկամային» բարձրացման: Դժբախտաբար, երիկամային հիպերտոնիան չափազանց վատ է ենթարկվում դեղորայքային թերապիայի:
•    Չարորակ գոյացությունը երիկամի կիստայի քաղցկեղ: Սա երիկամի կիստաների դեպքում ամենասարսափելի բարդացումն է: Խնդիրը նրանում է, որ չարորակ ուռուցքն իրենից ներկայացնում է անվերահսկելիորեն բազմացող բջիջներ: Երիկամի կիստայի ներքին պատը բաղկացած է էպիթելային բջիջներից, որոնք մշտապես բազմանում են: Գալիս է ինչ-որ պահ, երբ խափանվում են բազմացման վերահսկող մեխանիզմները, և ձևավորվում է ուռուցք: Նման դեպքերում ստիպված ենք լինում հիվանդին բուժել արդեն երիկամի քաղցկեղից:

Երիկամի կիստան վտանգավոր է տրավմատիկ պայթյունի, երիկամի քաղցկեղի առաջացման և զարկերակային հիպերտոնիայի տեսանկյունից

Երիկամի կիստայի պատճառները և ախտանիշերը

  • Երիկամի պարզ կիստա: Անհրաժեշտ է հասկանալ, որ երիկամն իրենից ներկայացնում է խողովակների համակարգ: Այս կամ այն պատճառով այդ խողովակներից մեկը կարող է խցանվել, օրինակ՝ բորբոքման պատճառով: Մի քանի տարվա ընթացքում դանդաղ արտադրվում է հեղուկ, խոռոչն աճում է և, հասնելով զգալի չափերի, սկսում է ճնշել երիկամը՝ խանգարելով դրա ֆունկցիան:
  • Երիկամի պարազիտար կիստա: Գոյություն ունեն պարազիտներ, որոնցով մարդը կարող է վարակվել, օրինակ, շներից: Դրանք են՝ էխինոկոկը և ալվեոկոկը՝ ճիճուների տեսակներ: Էխինոկոկային կիստաներ հանդիպում են լյարդում, թոքերում և երիկամներում: Երիկամի կամ լյարդի պարազիտար գոյացությունների բուժմամբ պետք է զբաղվի փորձառու մասնագետ, քանի որ պարազիտար կիստայի վնասումը կբերի հիվանդության տարածմանը:
     

Երիկամների կիստաների ախտորոշումը

Երիկամի կիստայի ախտորոշումը
Ըստ էության, նման ախտորոշմամբ հիվանդի տեսնելուն պես ուրոլոգը պետք է պատասխանի երեք հարցի. 

  1. Ինչպիսի՞ն է հիվանդության բնույթը:  Ինչպիսի՞ն է գոյացությունը՝ պարզ, պարազիտար կամ էխինոկոկային կիստա, թե՞ երիկամի չարորակ կիստա-քաղցկեղ:
  2. Անհրաժե՞շտ է արդյոք վիրահատել երիկամի կիստան: Եթե դա փոքրիկ, բարորակ, հեղուկային գոյացություն է, որը չի խանգարում երիկամի ֆունկցիան, ապա վիրահատության անհրաժեշտություն չկա: Մյուս բոլոր դեպքերում վիրահատությունն անհրաժեշտ է:
  3. Ինչպե՞ս վիրահատել: Վիրաբույժն ունի վիրահատության նվազագույնը երեք մեթոդ. կիստայի պունկցիա, երիկամի կիստայի հեռացում լապարոսկոպիկ եղանակով և բաց վիրահատություն:

 Հենց այդ հարցերին էլ մենք փորձում ենք պատասխանել՝ նշանակելով հիվանդին մի շարք հետազոտություններ:

Բիոքիմիական անալիզ

Թույլ է տալիս պատասխանել երկու հարցի՝ արդյո՞ք էխինոկոկը կամ ալվեոկոկը չեն հանդիսանում երիկամի կիստայի պատճառ, և որքանո՞վ է տուժել երիկամի ֆունկցիան: Այդ նպատակով՝ օգտագործվում են մի շարք ցուցանիշներ՝ կրեատինին և միզանյութ, ինչպես նաև պարազիտար կիստաներին բնորոշ ալերգիկ ռեակցիաների առկայության մասին վկայող այլ ցուցանիշներ:

Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Հիմնական հետազոտություն, որը թույլ է տալիս ոչ միայն բացահայտել երիկամների գոյացություններ, այլև՝ որոշել՝ արդյո՞ք առկա է միզածորանի սեղմում, պարունակու՞մ է այն արդյոք հյուսվածքային բաղադրիչ, հնարավո՞ր է արդյոք իրականացնել երիկամի կիստայի պունկցիա և սկլերոթերապիա: Բացի այդ, ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս տարբերել երիկամների պարզ գոյացությունները պարազիտար կամ ուռուցքային գոյացություններից:

Համակարգչային տոմոգրաֆիա

Կոնտրաստավորմամբ իրականացվող մուլտիսպիրալ համակարգչային տոմոգրաֆիան հնարավորություն է տալիս ճշգրիտ կերպով գնահատել մի շարք պարամետրեր: Առաջին հերթին՝ երիկամների ֆունկցիան, որը մենք գնահատում ենք՝ դատելով կոնտրաստային նյութի՝ օրգանիզմից դուրս բերումից: Երկրորդ հերթին՝ երիկամների ՀՏ-ն թույլ է տալիս բացառել չարորակ նորագոյացությունները: Երրորդ հերթին՝ սա անհրաժեշտ հետազոտություն է՝ բուժման մեթոդի ճիշտ ընտրության առումով:

Բուժում և վիրահատություններ

Ցավոք, գոյություն չունեն երիկամի կիստայի թերապևտիկ կամ ժողովրդական արդյունավետ մեթոդներ: Չկան այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեին երիկամների գոյացությունների «ներծծվելուն», կամ նույնիսկ՝ դրանց չափերը փոքրացնելուն: Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է իմանալ, թե երիկամի կիստաների բուժման ինչպիսի՞ վիրաբուժական մեթոդներ գոյություն ունեն:

Երիկամի կիստայի պունկցիա

Երիկամի կիստայի բուժման հիմնական մեթոդներից է: Եթե պունկցիայի իրականացումը տեխնիկապես հնարավոր է, ինչը կարելի է պարզել ուլտրաձայնային հետազոտության արդյունքում, ապա այն հանդիսանում է ամենավստահելի մեթոդը: Մենք դա իրականացնում ենք տեղային անզգայացմամբ՝ BK-med մակնիշի ուլտրաձայնային էքսպերտային սարքավորման հսկողությամբ: Կիստայի պունկցիայի դեպքում ոչ միայն հեղուկ է վերցվում, այլև ներարկվում է կիստայի պատերը սոսնձող հատուկ նյութ: Վերոհիշյալ պրոցեդուրան կոչվում է «երիկամի կիստայի սկլերոթերապիա»: Պունկցիան և սկլերոթերապիան կիրառվում են պարզ նորագոյացությունների դեպքում, երբեմն նաև՝ որոշ պարազիտար, էխինոկոկային կիստաների դեպքերում:

Կիստայի հեռացման լապարոսկոպիկ վիրահատություն

Այս մեթոդը մեր կողմից կիրառվում է այն դեպքում, երբ կիստայի չափերը գերազանցում են 7-8սմ-ը կամ գոյություն ունեն կասկածներ դրա՝ չարորակ բնույթ ձեռք բերելու վերաբերյալ: Լապարոսկոպիկ վիրահատությունն իրականացվում է առավելագույնը 8մմ երկարությամբ 3 անցքի միջով, բնութագրվում է ցավերի և բորբոքման բացակայությամբ: Չնայած այն հանգամանքին, որ այն լիարժեք վիրահատություն է, հիվանդները կարող են տուն վերադառնալ վիրահատությունից ընդամենը երկու օր անց: Մենք լապարոսկոպիկ վիրաբուժությանն ենք դիմում նաև երիկամի և լյարդի պարազիտար, էխինոկոկային կիստաների դեպքում:

Կիստայի հեռացման բաց վիրահատություն

Կիստայի հեռացման բաց վիրահատություն իրականացվում է շատ հազվագյուտ: Մենք դիմում ենք ստանդարտ բաց վիրահատությանն այն դեպքերում,  երբ ելնելով զանազան հակացուցումներից՝ չի կարող կիրառվել ո՛չ պունկցիա, ո՛չ լապարոսկոպիկ վիրահատություն: Բաց վիրահատություն կարող է իրականացվել նաև երիկամի կիստայի տրավմատիկ պայթյունի դեպքում: Ցավոք, հաճախ ստիպված ենք լինում դիմել բաց վիրահատության՝ երիկամի և լյարդի՝ ալվեոկոկային կիստայի կասկածի դեպքում:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է բուժել այդ պաթոլոգիան Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը Ձեր ժամանումից 1-2 օր անց: Եվս 2 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.