(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Արյան PSA (ՊՍՀ) անալիզ

Հոդվածում

ՊՍԱ (ՊՍՀ)-ի բարձրացումը շագանակագեղձի հիվանդությունների ախտանշ է: Արյան մեջ ՊՍԱ (ՊՍՀ)-ի անալիզը լայն կիրառում ունի ողջ աշխարհում՝ շագանակագեղձի քաղցկեղի վաղաժամ բացահայտման նպատակով: Այդ իսկ պատճառով, արյան մեջ ՊՍԱ (ՊՍՀ)-ի բարձրացումն ինքնին ենթադրում է շագանակագեղձի բիոպսիայի նշանակում:

«45-ից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր տղամարդու անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ հանձնել արյան PSA (ՊՍՀ) անալիզ»

Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներից

Առօրյա աշխատանքային մի պատմություն

— Հովհաննես Էդուարդովիչ, ախր ես դրա իմաստը չեմ կարողանում հասկանալ: Այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Ես նորմալ միզում եմ, ապրում եմ կանոնավոր սեռական կյանքով: Ոչ մի ցավ չունեմ, ոչինչ չի անհանգստացնում: Ի՞նչ կարիք կա այդ անալիզները հանձնելու: Ահա, օրինակ, արյան PSA (ՊՍՀ)-ի անալիզ: Սա ի՞նչ է:
— Հասկանու՞մ եք, Վլադիմիր Պետրովիչ, - մտահոգ ասում եմ ես, - տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում շագանակագեղձի քաղցկեղ կոչվող հիվանդությունը, որը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում լավ է ենթարկվում բուժման: Մինչդեռ ավելի ուշ հայտնաբերելու դեպքում այն անբուժելի է:
— Բայց չէ՞ որ ասում եմ՝ ինձ բացարձակապես ոչինչ չի անհանգստացնում...

Ցանկացած ուրոլոգ նմանատիպ զրույցներ է ունենում “նախանձելի” պարբերականությամբ: Իսկապես, ինչու՞ հանձնել արյան պրոստատ-սպեցիֆիկ հակածինի անալիզ, եթե ոչ մի ցավ չկա, եթե միզելու խնդիր չկա, իսկ սեռական կյանքում ամեն բան կարգին է: Ինչու՞ է ուրոլոգը ստիպում հանձնել այդ անալիզը, նույնիսկ այն դեպքում, երբ նրա մոտ եք եկել երիկամի քարի պատճառով:Պատասխանը պարզ է: Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հաջող բուժման գրավականն է: Ռադիկալ բուժման, այլ ոչ թե կյանքի երկարացման: Իսկ PSA (ՊՍՀ)-ն շագանակագեղձի առողջության ցուցանիշն է: Փորձե՛նք հասկանալ:

Ի՞նչ է PSA (ՊՍՀ)-ն

PSA (ՊՍՀ)-ն կամ պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA-Prostat-Specific Antigen)միանգամայն որոշակի ֆունկցիա ունեցող սպիտակուց է: Այն նոսրացնում է սերմնահեղուկը:

Թվում է՝ իսկ ի՞նչ կապ ունի դրա հետ շագանակագեղձի քաղցկեղը:
Խնդիրը նրանում է, որ այս սպիտակուցը՝ պրոստատ-սպեցիֆիկ հակածինը, իր ֆունկցիան է կատարում սերմնահեղուկում: Այն ոչ մի անելիք չունի արյան մեջ: Սովորաբար արյան մեջ այն հանդիպում է աննշան քանակությամբ՝ PSA (ՊՍՀ)-ի նորման է՝ 0-ից 4նգ/մլ: Մեկ նանոգրամը 10-9 գրամ է՝ գրեթե աննշան քանակություն:

PSA (ՊՍՀ)-ի բարձրացումն անհնար է բուժել: Դա ըդամենը շագանակագեղձի հիվանդության ցուցանիշ է

PSA (ՊՍՀ)-ի նորման և բարձրացումը տղամարդկանց մոտ

Ինչպե՞ս և ինչու՞ է բարձրանում PSA (ՊՍՀ)-ն: Միակ հնարավոր ճանապարհն է՝ շագանակագեղձի մազանոթների վնասումը: Շագանակագեղձի հյուսվածքը վնասող ցանկացած գործընթաց, կլինի դա պրոստատիտ, շագանակագեղձի ադենոմա, թե շագանակագեղձի քաղցկեղ, հանգեցնում է արյան մեջ պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի տոկոսի բարձրացման:
Ավելին, շագանակագեղձի մատնային ռեկտալ հետազոտությունը, ակտիվ սեքսը կամ նույնիսկ փորկապությունը ևս կարող են բարձրացնել արյան մեջ PSA (ՊՍՀ)-ի պարունակությունը, քանի որ վերոհիշյալ գործոնները միանգամայն կարող են վնասել շագանակագեղձի մազանոթները:
Այդ պատճառով, գոյություն ունեն PSA (ՊՍՀ)-ի անալիզ հանձնելու որոշակի կանոններ: Առաջին հերթին, չի կարելի արյան անալիզ հանձնել ակտիվ սեքսի կամ ուրոլոգի կողմից մատնային ռեկտալ հետազոտության անմիջապես հաջորդ օրը. արդյունքը սխալ կլինի: Երկրորդ հերթին, անհրաժեշտ է հանձնել ոչ թե մեկ, այլ երկու անալիզ՝ ընդհանուր և ազատ PSA (ՊՍՀ):
Վերջին հանգամանքը կարևոր է, քանի որ այդ անտիգենն արյան մեջ ունի երկու դրսևորում՝ սպիտակուցների հետ կապված և ազատ: Ապացուցված է, որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ազատ PSA (ՊՍՀ)-ի մակարդակն իջնում է, քանի որ բարձրանում է այն կապող սպիտակուցների քանակությունը:
 

Բժշկությունն ամենաճշգրիտ գիտությունն է: Աստվածաբանությունից հետո:

Արյան PSA (ՊՍՀ)-ի անալիզի վերծանում

— Դե, իսկ հիմա, բացատրե՛ք ինձ, Հովհաննես Էդուարդովիչ, ինչպե՞ս է ստացվում, որ ընկերոջս, որի ցուցանիշներն ավելի բարձր էին, քան ինձ մոտ, նշանակել են անտիբիոտիկներ և կրկնակի անալիզ մեկ ամսից, իսկ ինձ՝ միանգամից շագանակագեղձի բիոպսիա, - մռայլ հետաքրքրվում է Վլադիմիր Պետրովիչը, որը վերջապես հանձնել էր բոլոր անալիզները, - եթե պատերազմ, ապա բոլորի՛ համար թող լինի:
— Ես Ձեզ շագանակագեղձի բիոպսիա կնշակեի նույնիսկ այն դեպքում, եթե PSA (ՊՍՀ)-ի արդյունքը նույնիսկ զրոյական լիներ, - կիրթ, բայց վստահ պատասխանում եմ ես, - շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտության արդյունքում Ձեզ մոտ հայտնաբերվել է հիպոէխոգեն հանգույց, մատնային ռեկտալ հետազոտության արդյունքում՝ պնդացված հատված իսկ Ձեզ մոտ ազատ PSA (ՊՍՀ)-ի հարաբերակցությունն ընդհանուր PSA (ՊՍՀ)-ին ցածր է 15%-ից: Այս նշաններից նույնիսկ մեկի դեպքում պարտադիր նշանակվում է շագանակագեղձի բիոպսիա: Շագանակագեղձի քաղցկեղը բացառելու նպատակով:
Վլադիմիր Պետրովիչի դեմքն արտահայտում է զգացումների պոռթկում: Ես անսխալ կարող եմ գուշակել նրա հայացքի իմաստը. «Բժի՛շկ, դու նորմալ լեզվով կարո՞ղ ես խոսել»:
— Տեսե՛ք, Վլադիմիր Պետրովիչ: Գոյություն ունի շագանակագեղձի հիվանդությունների մի քանի ցուցանիշ: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում մատնային ռեկտալ հետազոտությունը, երբ բժիշկն ուղիղ աղիքի միջով շոշափում է շագանակագեղձը: Այդ հետազոտության միջոցով ես պատկերացում եմ կազմում շագանակագեղձի խտության մասին, դրա չափերի, միատարրության, աղիքի լորձաթաղանթի շարժունության և, վերջապես, ցավի առկայության մասին: Պինդ հատվածը բառի բուն իմաստով նշանակում է՝ շագանակագեղձի հյուսվածքի պինդ հատված: Այն հաճախ բնորոշ է շագանակագեղձի քաղցկեղին: Այնուհետև մենք իրականացնում ենք ուլտրաձայնային հետազոտություն և համոզվում, որ դա շագանակագեղձի քար չէ: Ձեր դեպքում մենք տեսանք, որ առկա է «հիպոէխոգեն հանգույց», այսինքն շագանակագեղձի հյուսվածքի մի հատված, որն էկրանին... հըըըմ... անգամ չգիտեմ՝ ինչպես բացատրել. մի խոսքով՝ սև գույնի է երևում: Սա ևս բնորոշ է շագանակագեղձի քաղցկեղին:
— Բայց չէ՞ որ արյան անալիզը համարյա նորմայի մեջ է: Նորման գերազանցում է ընդամենը կես միավորո՜վ:
— Վլադիմիր Պետրովիչ, ցավոք, գոյություն ունեն շագանակագեղձի քաղցկեղի այնպիսի դրսևորումներ, որոնց դեպքում պրոստատ-սպեցիֆիկ հակածինի ցուցանիշը կարող է շարունակել մնալ նորմայի սահմաններում: Ավելին, չմոռանա՛նք ազատ և ընդհանուր PSA (ՊՍՀ)-ի հարաբերակցությունը: Ձեզ մոտ ազատ PSA (ՊՍՀ)-ի քանակությունը քիչ է: Ահա շագանակագեղձի քաղցկեղի ևս մեկ ցուցանիշ: Եզրակացությունը մեկն է՝ շագանակագեղձի բիոպսիա:
— Լավ...

Ես կցանկանայի սխալված լինել: Սակայն հիստոլոգիայի եզրակացությունն անողոք էր. «Հինգերորդ և վեցերորդ բիոպտատներում հայտնաբերվել է մանրաբջիջ ացինար ադենոկարցինոմա՝ Գլիսոնի 6 (3+3) բալ ցուցանիշով»:
...Լավ է, որ ստիպեցի հանձնել PSA (ՊՍՀ)-ի անալիզ և իրականացնել շագանակագեղձի բիոպսիա: Վատ է, որ հայտնաբերվեց շագանակագեղձի չարորակ ուռուցք, սակայն այն հայտնաբերվեց վաղ, դեռևս վիրահատման ենթակա ստադիայում: Դա մեզ հնարավորություն տվեց վիրահատել Վլադիմիր Պետրովիչին, ինչը նրան փրկեց շագանակագեղձի քաղցկեղից: Այդ պատճառով, թերևս, չափազանց կարևոր է չանտեսել բժիշկների խորհուրդները: Եվ ժամանակին իրականացնել նշանակված բոլոր հետազոտությունները:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Դուք ցանկանում եք հանձնել արյան PSA (ՊՍՀ) անալիզ Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կիրականացնենք պրոցեդուրան հենց նույն օրը:

Ձեր քաղաքը - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.