+7(499)344-03-03
Register for reception
The whole site
Register for reception
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Երիկամային քարեր տղամարդկանց և կանանց մոտ

Յուրահատկություն. քարի հետ գրեթե միշտ գոյություն ունի երիկամի քնած վարակ: Հաճախ այն սպառնալիք է հանդիսանում երիկամային խիթի կամ թարախային պիելոնեֆրիտի առաջացման համար: Երբեմն այն ցմահ դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում պահանջող ծանր դիսֆունկցիայի առիթ է դառնում: Վստահ եմ՝ ոչ ոք չի հավատա, եթե ասենք, որ քրոնիկ դիալիզ ստացող և տարիներով երիկամի փոխպատվաստման սպասող հիվանդների մինչև 40 տոկոսը ժամանակին «ընդամենը» երիկամային քարեր ունեին: Փոխարենը՝ մատը գլխի մոտ կպտտեցնի, իբր՝ հարգելի բժի՛շկ, Դուք ընդհանրապես պատկերացնու՞մ եք, թե ինչ եք ասում: Ի միջիայլոց, ցավոք, երիկամային քրոնիկ անբավարարությունը կարող է զարգանալ միզաքարային հիվանդությանը զուգահեռ, հատկապես մեծ և մարջանաձև երիկամային քարերի առկայության դեպքում:

Երիկամային քարեր. բուժումը

image/svg+xml

Ցավոք սրտի, հաճախ հիվանդին միզաքարային հիվանդության բոլոր ռիսկերից՝ երիկամային խիթերից, սուր պիելոնեֆրիտից կամ երիկամային քրոնիկ անբավարարությունից կարելի է ապահովագրել միմիայն երիկամային քարերի հեռացման վիրահատության միջոցով:
Երիկամային քարերի փշրումն ուլտրաձայնով՝ առանց վիրահատության, կամ դիստանցիոն ուրետերոլիթոտրիպսիան մեթոդ է, որն ընտրում են բազմաթիվ դեպքերում:
Երիկամային քարերի լազերային հեռացման վիրահատություն: Իրականացվում է միզուկի կամ կողին արված փոքր անցքի միջով՝ առանց կտրվածքների՝ էնդոսկոպիկ եղանակով: Իր արդյունավետությամբ այս մեթոդը գերազանցում է ուլտրաձայնով երիկամային քարերի փշրումը և բաց վիրահատությունը:
 

Հին սերնդի գրեթե ցանկացած ուրոլոգի աշխատասենյակում կա ստենդ, որտեղ ցուցադրված է հարյուրից ավելի երիկամային քար, երբեմն՝ ամենատարօրինակ ձևի և չափի, հնարավոր բոլոր երևակայելի և աներևակայելի երանգների: Դրանցից մի մասը ներկայացված են փշրված տարբերակով. դիտելով այդ համակենտրոն շրջանները և անկրկնելի շեղանկյունները, յուրաքանչյուր ոք զմայլված է մնում՝ ցնցող գեղեցկություն: Սակայն հիացմունքի զգացումն արագ վերածվում է սարսափի. չէ՞ որ բոլոր այդ քարերը ձեռք են բերվել լայն կտրվածքի և երիկամի սեկցիոն երկատման արդյունքում:

Քարերից յուրաքանչյուրն իր ետևում ունի ծանր մի հիվանդության պատմություն, վիրահատություն և, հաճախ, ֆունկցիաներից զուրկ, կնճռոտված երիկամ: 30-40 տարի առաջ գոյություն չունեին էնդոսկոպիկ մեթոդներ և լազերային վիրահատություններ, և միզաքարային հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր հիվանդ ենթարկվում էր ծանր և տանջալի բաց վիրահատության: Նմանատիպ վիրահատությունների հետևանքները մենք կարող ենք տեսնել մինչ օրս՝ հսկայական սպիներ, հաճախ չբուժվող հետվիրահատական ճողվածքներ, կնճռոտված և իրենց ֆունկցիաները չիրականացնող երիկամներ:

«Ես ոչ մի դեպքում կտրվածք չեմ իրականացնի երիկամային քարեր ունեցող մարդկանց. այդ հնարավորությունը կտամ նրանց, ովքեր զբաղվում են դրանով…»
Հիպոկրատի երդման բնօրինակը

Ինչի՞ց են առաջանում երիկամային քարերը

Երիկամային քարի առաջացումը

Եթե հարցնենք ցանկացած ուրոլոգի՝ որտեղից են առաջանում երիկամային քարերը, կժպտա, կսկսի ինչ-որ բաներ պատմել, այնուհետև ձեռքը թափ կտա, իբր, շատ երկար պատմություն է: Եթե ուսումնասիրենք մի քանի բժշկական քարտ, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր հինգերորդ հիվանդի մոտ երիկամների ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել «մանր երիկամային քարեր»: Ռուսաստանցիներից յուրաքանչյուր յոթերարոդն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հոսպիտալացվում է՝ միզաքարային հիվանդության վիրահատության և դրան հետևող բարդությունների բուժման նպատակով: Կրկնում եմ՝ յուրաքանչյուր յոթերորդը: Նրանցից մոտավորապես կեսի մոտ երիկամային քարեր են, որոնք առաջացնում են մշտական վարակ, քրոնիկ ցավ և օրգանի ֆունկցիայի խանգարում:

Միզաքարային հիվանդությունը միշտ վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան փչացել է. իսկ օրգանիզմը հրաշալի համակարգ է, որն ընդունակ է պայքարել իր առողջության համար: Անորակ ջուրը, հորմոնալ հիվանդությունները, մեզի հոսքի խանգարումները և վարակը. այս ամենը երիկամային քարերի առաջացման պատճառներից ընդամենը մի քանիսն են:

Ինչի՞ կարող է հանգեցնել երիկամային քարերի առկայությունը

...— Իսկ որտե՞ղ եիք Դուք այսքան ժամանակ, - մռայլ հարցնում եմ ես՝ ուսումնասիրելով երիկամների համակարգչային տոմոգրաֆիայի եզրակացությունը: Օրգանը գրեթե չի գործում. մեզ չի արտադրում, արյան նվազագույն հոսք, երիկամից մի փոքր ներքև՝ միզուղիում, մեկ սանտիմետրանոց քարն ամբողջությամբ փակել է մեզի հոսքը: Հենց օրգանում՝ երիկամում, առկա է մոտ 4 սանտիմետրանոց քար:
— Դե... Ցավը դադարեց, և ես մտածեցի, որ ամեն բան լավ է:
Նախապատմություն: Մեկ և կես տարի առաջ հիվանդը երիկամային խիթի մի քանի նոպա էր ունեցել: Նա այդպես էլ չէր դիմել ուրոլոգի՝ բավարարվելով միզաքարային հիվանդության բուժման ժողովրդական մեթոդներով. համացանցում կարդացել էր, թե ինչպես կարելի է երիկամային քարերը լուծել դեղամիջոցներով: Արդյունք. նյարդային ռեցեպտորները մահացել էին, որևէ ցավ չկար, երիկամն արդեն մեկ ու կես տարի էր, ինչ փակված էր միզուղիում ներաճած քարով, և փրկելու հնարավորությունը շատ մեծ հարցականի տակ էր երիկամը:

«Երիկամային քարի հեռացումը մեր խնդրի միայն կեսն է: Երկրորդ կեսն է՝ բացահայտել քարի առաջացման պատճառը»
Հատված միզաքարային հիվանդության մասին դասախոսությունից

Օկսալատային և ուրատային երիկամային քարերի “լուծումը”

Եկե՛ք մտածենք՝ ինչու են, համաշխարհային մասշտաբով, միզաքարային հիվանդության համար ուրոլոգիայում տարբերակում առանձին ուղղություն և նույնիսկ՝ ստեղծում միզաքարային հիվանդության բուժման ֆունկցիոնալ բաժիններ: Հնարավոր չէ՞ երիկամային կամ միզուղու քար ունեցող բոլոր հիվանդներին նշանակել մշտապես գովազդվող, քարը լուծող որևէ դեղամիջոց, և այդքանով իսկ սահմանափակվել: Ի՞նչ կարիք կա ստեղծելու երիկամների և միզուղու քարերի լազերային փշրման համար նախատեսված թանկարժեք սարքավորումներ, բնական ճանապարհով միզուղի և երիկամ ներթափանցելու նուրբ և ճկուն էնդոսկոպներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերացնել երիկամային քարն առանց բաց վիրահատության:
Միզաքարային հիվանդության գերագույն խնդիրն է այն հանգամանքը, որ գոյություն ունի երիկամային քարերի ձևավորման մոտ 200 պատճառ և որ գրեթե բոլոր քարերը միմյանցից տարբերվում են բաղադրությամբ: Գրագետ ուրոլոգի խնդիրն է ոչ միայն երիկամային քարերի հեռացումը, այլև այդ քարերի առաջացման պատճառի բացահայտումը և այդ պատճառի վերացումը:
Բացի այդ, այդ բոլոր «քար լուծող» դեղամիջոցները մեծ մասամբ ուղղակի չեն օգնում: Ավելի ճիշտ, երբեք չեն օգնում: Դատե՛ք ինքներդ. չէ՞ որ եթե մի դեղամիջոց ընդունակ է լուծել քարը, առաջին հերթին կլուծի հենց բուն օրգանը՝ երիկամը:

«Գրագետ ուրոլոգի խնդիրն է ոչ միայն երիկամային քարերի հեռացումը, այլև այդ քարերի առաջացման պատճառի բացահայտումը և այդ պատճառի վերացումը»:

Երիկամային քարեր. ախտորոշում

Միզաքարային հիվանդության ժամանակակից ախտորոշումը ենթադրում է մեթոդների մի ողջ շարք: Հաճախ հիվանդը նույնիսկ չի հասկանում՝ ինչի՞ համար է ընդհանրապես այդ ամենը: Անալիզների, հետազոտությունների, ռենտգենյան ճառագայթման բավականին ուժեղ չափաքանակներ. հանուն ինչի՞:

Միզային համակարգի ուլտրաձայնային հետազոտություն

Երիկամի, միզապարկի և շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է ընձեռում, առաջին հերթին, բացահայտել քարերը, երկրորդ հերթին՝ միանգամից հասկանալ երիկամներում քարերի առաջացման պատճառները: Հաճախ երիկամների ուլտրաձայնային հետազոտությունն առաջին հետազոտությունն է, որին ենթարկվում է միզաքարային հիվանդությամբ տառապող հիվանդը:

Մեզի ընդհանուր անալիզ

Երիկամներում քարերի առկայությունը վարակի չափազանց բարձր ռիսկի գործոն է: Մեզի ընդհանուր անալիզը հնարավորություն է տալիս բացահայտել վարակի առկայությունը և ճշտել բորբոքման աստիճանը: Մեզի ընդհանուր անալիզը հնարավորություն է ընձեռում նաև պատկերացում կազմել ինչպես քարի բաղադրության, քանի որ մեզում մի շարք բյուրեղների առկայությունը բնութագրական է քարերի որոշակի տեսակների համար:

Համակարգչային տոմոգրաֆիա

Ժամանակակից պրակտիկայում ՀՏ-ն թույլ է տալիս պատասխանել միանգամից մի քանի հարցի. ինչպիսի՞ն է քարի խտությունը, հնարավոր կլինի՞ արդյոք այն փշրել դիստանցիոն եղանակով, ինչպիսի՞ վիճակում են գտնվում միզուղիները, դուրս կգա՞ն արդյոք դրանց միջով քարի բեկորները, գոյություն ունի՞ արդյոք զարգացման անոմալիա և կա՞ն արդյոք լազերային վիրահատության հակացուցումներ:

Արյան բիոքիմիական անալիզ

Այս անալիզի մի շարք ցուցանիշներ թույլ են տալիս պատկերացում կազմել քարերի ձևավորման և երիկամների ֆունկցիաների հնարավոր խանգարման մասին: Օրինակ, միզաթթվի պարունակության բարձրացումը կարող է վկայել պոդագրայի, իսկ կրեատինինի պարունակության բարձրացումը՝ ֆիլտրացիայի վատ ֆունկցիայի մասին:

Մեզի ցանքս

Մեզի ցանքսը  թույլ է տալիս հայտնաբերել բորբոքման հարուցիչը և դրա զգայունության աստիճանը, ինչը հնարավոր է դարձնում անտիբիոտիկների թիրախային նշանակումը՝ առանց գործունեության լայն սպեկտր ունեցող ծանր անտիբիոտիկներով աղիքներին կամ այլ ֆլորայի վնաս հասցնելու:

Քարի քիմիական բաղադրությունը

Այս անալիզն իրականացվում է երիկամային քարը հեռացնելուց հետո և որոշիչ դերակատարում ունի այն հիվանդության ախտորոշման հարցում, որը հանգեցրել է քարի առաջացմանը: Հիմնականում այդ անալիզը թույլ է տալիս մեզ հետագայում կանխել քարերի առաջացումը:

«Մեծ վիրաբույժին ճանաչում են մեծ կտրվածքներով:
Համարե՛ք ինձ փոքր վիրաբույժ և տվե՛ք ինձ լավ էնդոսկոպ».
Ժամանակակից լապարոսկոպիայի հիմնադիրներից մեկի ելույթից

Միզաքարային հիվանդություն. բուժումը տղամարդկանց և կանանց մոտ

Միզաքարային հիվանդության բուժման ժամանակակից կոնցեպցիան ենթադրում է էնդոսկոպիայի՝ այսպես կոչված «առանց կտրվածքների վիրաբուժության» առավելագույն կիրառում, ինչը թույլ է տալիս շրջանցել ցավերը և ծանր հետվիրահատական շրջանը: Նման դեպքում, հիվանդների ճնշող մեծամասնությունը հոսպիտալացվում է ոչ ավելին, քան 3-4 օր, որից հետո նրանք կարող են վերադառնալ իրենց առօրյա կյանքին: Կարելի է ասել, որ շատ հեռու անցյալում են այն ժամանակները, երբ երիկամային քարի հեռացմեն համար անհրաժեշտ էր իրականացնել հսկայական կտրվածք և բազմաթիվ շաբաթներ տևող հոսպիտալացում: Նույնկերպ անհետացել են նաև հսկայական քարերի ցուցադրմանը ծառայող ստենդերը. ներկայումս քարերը փշրվում են լազերով կամ ուլտրաձայնով, իսկ ուրոլոգին որպես հիշողություն, այն էլ՝ լավագույն դեպքում, մնում է ավազի մի բլուր:
Ցավոք, դիստանցիոն ուրետերոլիթոտրիպսիա, այսինքն՝ ուլտրաձայնային ալիքով երիկամներում քարերի փշրում նշանակվում է ոչ բոլոր դեպքերում: Սակայն բազմաթիվ դեպքերում ընտրվում է հենց այս մեթոդը, և մեզ մոտ ևս այն ունի շատ լայն կիրառություն:
Ժամանակակից հնարավորությունները մեզ թույլ են տալիս նաև իրականացնել քարի (կամ ուրոլոգի մոտ քարերի փշրման արդյունքում մնացած ավազի) բաղադրության քիմիական անալիզ և, ստացված տվյալների հիման վրա, մշակել սննդի խիստ անհատական սխեմա ու կենսակերպի փոփոխություններ, ինչը կապահովագրի հիվանդին հետագայում երիկամային քարերից: Հենց դրանում է կայանում երիկամային քարերով տառապող հիվանդների գրագետ բուժումը. առաջին հերթին՝ երիկամային քարի հեռացում, երկրորդ հերթին՝ նոր քարերի առաջացման կանխում: Հակառակ դեպքում հիվանդը վերածվում է քրոնիկ հիվանդի, որը տարեկան մեկ անգամ ստիպված է լինելու հիվանդանոց պառկել՝ երիկամային քարի փշրման կամ վիրահատման նպատակով:

“…Եվ կրկին արդարացի են դառնում Հիպոկրատի երդման հին տարբերակի հետևյալ տողերը. «Ես ոչ մի դեպքում կտրվածք չեմ իրականացնի քարեր ունեցող հիվանդին»
Հ.Է. Դիլանյան, բ.գ.թ.

Երիկամներից քարերի հեռացման վիրահատությունների տեսակները. քարերի փշրում ուլտրաձայնով և լազերով, լապարոսկոպիա

Իրականում երիկամային քարերի առիթով իրականացվող վիրահատությունների բոլոր տեսակները կարելի է անվանել մեկ բառով՝ «լիթոտրիպսիա» - քարի փշրում: Այս բառին նախորդող լրացումը նկարագրում է վիրահատության տեսակը:

Երիկամային քարերի դիստանցիոն լիթոտրիպսիա

Քարերի դիստանցիոն փշրում. ուլտրաձայնային ալիքը, անցնելով քարերի միջով, փշրում է դրանք՝ բաժանելով մանր բեկորների, որոնք դուրս են գալիս օրգանիզմից բնական ճանապարհով: Մեր կողմից այս մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ կարող ենք վստահ լինել, որ քարի բեկորներն առանց խոչընդոտի դուրս կգան միզուղիներով:

Ուրետերոլիթոտրիպսիա

Էնդոսկոպը բնական ճանապարհով՝ միզուղիներով, մտցվում է երիկամի մեջ: Վիաբույժը տեսնում է քարն էկրանին, դրան է մոտեցնում լազերային մանրաթելը և փոշու է վերածում քարը: Կտրվածքներ, արյունահոսության կամ «բաց վիրահատության» հետ կապված այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են, օրինակ, տգեղ սպիները և ցավային սինդրոմը, չկան:

Ֆիբրոլիթոտրիպսիա

Մեր կողմից այս մեթոդը կիրառվում է երիկամային բազմաթիվ քարերի առկայության դեպքում: Ֆիբրոսկոպը թույլ է տալիս լազերով փշրել և դուրս բերել երիկամի ավազանի ու բաժակների բոլոր քարերը բնական ճանապարհով՝ միզուղիներով: Ֆիբրոուրետերոսկոպն օգտագործվում է նաև մարջանաձև քարերի փշրման ժամանակ:

Երիկամային քարերի միջմաշկային լիթոտրիպսիա

Մաշկի միջով նեֆրոլիթոտրիպսիայի դեպքում էնդոսկոպը ներս է մտցվում 5 միլիմետրանոց անցքի միջով. իրականացվում է նախ երիկամային քարերի փշրում լազերի միջոցով, այնուհետև բեկորների հեռացում: Այս վիրահատության առավելությունը կայանում է նրանում, ունենում ենք նվազագույն վնասվածք. մեծ կտրվածքի անհրաժեշտության բացակայությունը կտրուկ նվազեցնում է բարդությունների քանակը. չկան ցավեր, տգեղ սպի, բորբոքման ռիսկ և երկար ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն:

Մինի-միջմաշկային լիթոտրիպսիա

Նորագույն մեթոդ, որը հաջողությամբ կիրառվում է եվրոպական կլինիկաների մեծամասնության կողմից: Այս մեթոդը ստանդարտ միջմաշկային լիթոտրիպսիայից տարբերվում է այն բանով, որ այս դեպքում իրականացված անցքի չափը չի գերազանցում 2մմ-ը, ինչը թույլ է տալիս օրգանի մեջ մտցնել էնդոսկոպը և լազերով փշրել երիկամային քարը: Տվյալ վիրահատությունից հետո գրեթե բոլոր հիվանդները հիվանդանոցից դուրս են գրվում միջամտությունից հետո հաջորդ օրը, իսկ ևս մեկ օր անց նրանք վերսկսում են աշխատանքային գործունեությունը՝ առանց անհարմարավետության որևէ զգացումի:

Լապարոսկոպիկ լիթոտոմիա

Երբեմն քարերի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ միզային համակարգի զարգացման այս կամ այն անոմալիա, ինչպես նաև միզուղու ստրիկտուրան: Այդ դեպքում անհրաժեշտ է իրականացնել քարի միանգամյա հեռացում և անոմալիայի կամ ստրիկտուրայի շտկում: Ի տարբերություն կլինիկաների մեծ մասի՝ նման դեպքերում մենք առաջարկում ենք ոչ թե բաց վիրահատություն, այլ երիկամային քարերի լապարոսկոպիկ հեռացում: Ներկայումս լապարոսկոպիան հանդիսանում է երիկամների վիրաբուժության ընդունված ոսկե ստանդարտ:

Ժամանակակից լազերային վիրաբուժությունը և էնդոսկոպիկ տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս վիրահատել… առանց վիրահատելու

... Վիրահատությունից մեկ տարի անց

— Բարի օր, բժի՛շկ: Հիշու՞մ եք ինձ, - աշխատասենյակիս դռան շեմին կանգնած՝ ժպտում է հիվանդս:
— Ձեզ անհնար կլիներ մոռանալ, - ասում եմ ես, - նե՛րս մտեք, Վալերի Պետրովիչ:
Նրան իսկապես անհնար կլիներ մոռանալ: Մոտ 4 ժամ տևած ծանրագույն լապարոսկոպիկ վիրահատություն, միզուղու՝ նեղացած ավազանային սեգմենտի և այնտեղ ներաճած քարի հեռացում: Այո՛, նրան տուն ուղարկեցի վիրահատությունից 4 օր անց, այո՛ցավ կամ բարբոքում չունեցավ, սակայն, փոխարենը, մեծ կասկածներ ունեի՝ կկարողանա՞ր արդյոք օրգանը կրկին գործել՝ մեկ և կես տարի տևած ընդմիջումից հետ: Եվ ահա, նա իմ աշխատասենյակում է:
- Սցինտիգրաֆիա արե՞լ եք: Ապա, տեսնեմ:
Երիկամը գործում էր գրեթե 40 տոկոսով: Ֆունկցիայի դեֆիցիտի ցուցանիշը՝ ընդամենը 10 տոկոս: Թերևս, սա հենց այն դեպքն էր, երբ Աստված թե՛ հիվանդի, և թե՛ վիրաբույժի կողմից էր:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է երիկամային քարերի վիրահատություն Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: Վիրահատությունից3-4 oր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:
 

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.