Քրոնիկ ցիստիտը և չար խմբագիրը
- Աստվա՛ծ իմ, մի՞թե պատժում ես ինձ գործածս մեղքերի, հորս, պապուս ու ապուպապերիս մեղքերի համար, - բարկացավ նորին մեծություն, Գորիսի Իշխան Դիլանյանը, որը համատեղությամբ նաև բժիշկ-ուրոլոգ էր, - Քանի որ չափազանց անարդարացի կլիներ նման դաժանությամբ պատժել մարդուն միմիայն սեփական մեղքերի համար:
- Հովհաննե՛ս, ես էլ անգրագետ չեմ. ասեմ ավելին՝ նույնիսկ կարդացել եմ Խոջա Նասրեդին, - պատասխանեց ժամանակակից հրատարակություններից մեկի գլխավոր խմբագիրը՝ եղունգներով նյարդային ձևով կտկտացնելով սեղանին, - սակայն քո այս հոդվածն ուղղակի չեմ կարող հրապարակել:
Խոսակցությունն ընթանում էր հրատարակչությունում, ուր Դիլանյանն եկել էր՝ պարզելու, թե ինչու են մերժում հրատարակել իր հոդվածը: Հաշվի առնելով Դիլանյանի բնավորությունը՝ սա աննախադեպ երևույթ էր, քանի որ նա միշտ շատ հավասարակշռված էր վերաբերվում նմանատիպ մերժումներին. նա միանգամից հրապարակում էր մերժված հոդվածն իր օրագրում և ստանում բազմաթիվ դրական կարծիքներ, ինչն ապացուցում էր, որ հոդվածն արժանի էր տպագրման: Եվ այսպես, հարգելի խմբագի՛ր, դե ստացի՛ր: Սակայն այս անգամ հարցը սկզբունքային էր. հոդվածն անհրաժեշտ էր հրապարակել և այն անհրաժեշտ էր հրապարակել հենց կանա՛նց լսարանի համար:
- Գրո՛ղը տանի, ինչու՞ չես ցանկանում հրապարակել իմ հոդվածը, - ասաց Դիլանյանը գլխավոր խմբագրին:
- Հենց այն պարզ պատճառով, որ քո հոդվածում պարզապես վխտում են բժշկական տերմինները, - խմբագիրը վաղուց ի վեր արդեն սովոր էր նպանատիպ անեծքներ լսելիս չտրվել զգացմունքներին, - ասեմ ավելին՝ քո հոդվածը գռեհիկ բառերի հավաքածու է:
- Ինչու՞, - զարմացավ Դիլանյանը, - սովորական աշխատանքային պրոցես է:
- Հովհաննե՛ս, - հոգնած ասաց խմբագիրը, - գուցե քեզ համար դա նորմալ երևույթ է: Բայց մեր ամսագիրը կարդում են հասարակ մահկանացուներ: Որոնք, որպես կանոն, հոգեպես նորմալ մարդիկ են. ոչ գիժ են, ոչ այլասերված:
- Ուրեմն, ես գիժ ու այլասերվա՞ծ եմ, - փրփրեց Դիլանյանը, - ա՜յ դու սարդի ու բորենու խառնու՛րդ...
- Սպասի՛ր, մի վայրկյան, - խմբագիրը ձեռքը թափ տվեց, - ապա լսի՛ր, մեջբերում եմ. “Բուժքույրերը խուսափում էին վիրահատարան մտնել, քանի որ այնտեղ եռացած մեզի ու վառված մսի հոտ էր գալիս”: Ըստ քեզ՝ սա նորմա՞լ է:
- Դե... – Դիլանյանը հակաճառելու տարբերակ չուներ:
- Հովհաննե՛ս: Օրական կտրվածքով՝ ես կարդում եմ քսանից երեսուն հոդված: Ես շատ բաների եմ սովոր: Սակայն նույնիսկ ինձ մոտ... – խմբագրի ձայնն, անկախ իրենից, բարձրացավ, - նույնիսկ ինձ մոտ սրտխառնոց առաջացավ, ու երեկ ողջ օրվա ընթացքում ոչինչ չկարողացա բերանս դնել քո այս պորնոգրաֆիան ընթերցելուց հետո: Սա չի՛ տպագրվելու, մոռացի՛ր դրա մասին:
- Դու երբևէ ցիստիտ ունեցե՞լ ես, - մեկ րոպե դադարից հետո հարցրեց Դիլանյանը, - գոնե մեկ-երկու օրով:
- Պատահել է: Սառը քարին նստելու արդյունքում: Ինչ-որ դեղահաբ խմեցի և վե՛րջ՝ անցավ, - հոգոց հանելով՝ ասաց խմբագիրը:
- Իսկ ահա պատկերացրու, որ քեզ մոտ այդ նույն վիճակն է ամեն օր՝ առավոտից գիշեր: Որ, ասենք, չես կարողանում դուրս գալ տանից, քանի որ մշտապես միզելու ցանկություն ունես: Եվ որ, ասենք, վախենում ես միզել, քանի որ ցավում է: Որ, ասենք, դու չես կարողանում ապրել սեռական կյանքով, քանի որ յուրաքանչյուր սեռական հարաբերությունից հետո քո վիճակն այնպես է սրվում, որ սկսում ես անիծել զուգընկերոջդ, - Հովհաննեսը մի վերջին՝ հուսալքված փորձ արեց:
Սուր ցիստիտը միզապարկի բորբոքային հիվանդություն է՝ պայմանավորված վարակների ներթափանցմամբ: Այս հիվանդությունը հատկապես բնորոշ է կանանց, քանի որ վերջիններիս միզուկը կարճ է և տեղակայված է հետանցքին ու սեռական օրգաններին ավելի մոտ:
- Դե բժշկի՛ կգնամ, հասկանու՞մ ես՝ բը՛-ժը՛շ-կի՛: Ես ապահովագրություն ունեմ լավ պոլիկլինիկայում, - խմբագիրն արդեն ամբողջովին կորցրել էր իր ինքնատիրապետումը, - բայց ասա՛ ինձ, խնդրե՛մ, ի՞նչ կապ կարող է ունենալ այդ ամենն իմ ամսագրի հետ:
- Իսկ դու գիտե՞ս, որ լավագույն պոլիկլինիկայում հիվանդի ընդունելությունը տևում է առավելագույնը 17 րոպե: Եվ որ այդ ժամանակահատվածում ա՛ն-հը՛-նա՛-րի՛ն է հասկանալ կանացի այդ «դիզուրիան»: Չնայած՝ ինչու՞ եմ բացատրում քեզ այդ ամենը… - Դիլանյանը ձեռքով հուսահատական շարժում արեց, հավաքեց թղթերը և ուղղվեց դեպի ելքը:
- Ահա, տեսնու՞մ ես: Նորից սկսվե՜ց, - խմբագրի դեմքին հիստերիա հայտնվեց. նա սկսեց արագ շնչել, իսկ դեմքը կարմրեց:
- Ի՞նչը սկսվեց, - Դիլանյանը շրջվեց:
- Դիզուրիա կոչվածը: Դա ի՞նչ է: Ի՞նչ է, չե՞ս հասկանում, որ նույնիսկ շատ խելացի կինը երբ հասնի այդ բառին, կհորանջի ու էջը կշրջի: Եվ նույնիսկ ուշադրություն չի դարձնի գովազդին և չի բացի թեփի դեմ շամպունի փորձանմուշը: Դու կարո՞ղ ես, վերջապես, նստել ու ինձ մարդավարի, սովորական բառերով պատմել՝ ինչ է իրենից ներկայացնում քրոնիկ ցիստիտ կոչվող այս զառանցանքը: Եվ նաև՝ բացատրել՝ ինչու այն պետք է հետաքրքրի իմ լսարանին:
- Քանի որ իրականում այն գոյություն չունի, - հանգիստ, միատոն ձայնով ասաց Հովհաննեսը, - Մինչ հանդիպում, Տա՛նյա:
- Սպասի՛ր, է՜յ: Այդտեղ կա՞ ինչ-որ մեկը: Ինձ սուրճ կամ որևէ ալկոհոլային խմիչք բերեք՝ օրինակ՝ կոնյակ: Մի 100 գրամ բերեք, - զգալով, որ զգոն դատելու ընդունակությունն այնուամենայնիվ շարունակում է լքել իրեն՝ խմբագիրը բղավում է խոսափողի մեջ, - բավակա՛ն է նեղացած դիրք ընդունես. նստի՛ր ու կրկնիր այն ամենը, ինչ հենց նոր ասացիր:
- Քրոնիկ ցիստիտը գոյություն չունի, կրկնեց Հովհաննեսը, - Դա սխալ է՝ թյուրիմացություն:
- Եվ դա միայն քո՞ կարծիքն է, թե՞, - որոշակի ծաղրանքով հետաքրքրվեց խմբագիրը:
- Համացանցում փորձիր գտնել “ՀՄԴ-10”: Ներբեռնի՛ր ֆայլը: Բացի՛ր 30-րդ կետը՝ ցիստիտ: Այնտեղ պարզապես գոյություն չունի նման ախտորոշում, - փնթփնթաց Հովհաննեսը:
- Իսկ ի՞նչ է այդ “ՀՄԴ-10”-ն, - հետաքրքրվեց խմբագիրը՝ հետևելով Դիլանյանի ցուցումներին:
- Հիվանդությունների միջազգային դասակարգիչ, - ցույց տվեց Դիլանյանը:
- Ապա, ապա, ապա… Ահա՛: «Քրոնիկ ինտերստիցիալ ցիստիտ», «Այլ քրոնիկ ցիստիտ», - հաղթական տոնով բացականչեց Տանյան՝ իբր, գլուխս մի՛ տար:
- Իսկ դու ընդհանրապես տեղյա՞կ ես՝ ինչ է իրենից ներկայացնում ինտերստիցիալ ցիստիտը: Իսկ քեզ չի՞ հետաքրքրում՝ ինչու նշված չէ պարզապես «քրոնիկ ցիստիտ», այլ փոխարենը՝ «այլ», - սատանայական ժպիտ է հայտնվում Դիլանյանի դեմքին, - Ինչու՞ նման լուրջ և ծանրակշիռ դասակարգչում, որից օգտվում են աշխարհի բոլոր բժիշկները, գոյություն չունի «Քրոնիկ ցիստիտ» ախտորոշումը:
- Ինչու՞: Իսկ ի՞նչ են նշանակում վերոհիշյալ հիվանդությունները:
- Դե, ինտերստիցիալ ցիստիտն առանձին պաթոլոգիա է. այս պահին մենք դրա մասին չենք խոսելու: Իսկ այ «Այլ քրոնիկ ցիստիտ» ախտորոշումը կայացնում են այն դեպքում, երբ անհնարին է լինում ճշգրտել ախտորոշումը: Դե, կամ չեն ցանկանում դա անել, - Դիլանյանը բացեց բոլոր բժիշկների գաղտնիքները:
- Չհասկացա: Ինչպե՞ս թե չեն ցանկանում... Բայց չէ՞ որ դա Ձեր պարտականությունն է՝ ճիշտ ախտորոշում կայացնելը, - բորբոքվեց խմբագիրը:
Իսկ դու ապա փորձի՛ր ախտորոշում կայացնել միզելու խանգարումներ ունեցող որևէ կնոջ՝ 17 րոպեի ընթացքում... Անհնարի՛ն է: Ոչ ոք չի կարող դա անել:
- Լսի՛ր: Բացատրի՛ր ինձ, խնդրում եմ: Ինչու՞ կարող է գոյություն ունենալ քրոնիկ բրոնխիտ, երիկամային քրոնիկ անբավարարություն ու բազմաթիվ այլ քրոնիկ հիվանդություններ, իսկ քրոնիկ ցիստիտ՝ ոչ: Ինչու՞:
- Քանի որ միզապարկը չափազանց կատարյալ օրգան է:
- Ինչպե՞ս թե:
- Դե, այն ստեղծված է մեզի կուտակման համար: Իսկ մեզն իրենից ներկայացնում է ագրեսիվ միջավայր: Դու երբևէ փորձե՞լ ես միզել ակվարիումի մեջ:
- Ինչու՞: Չէ՞ որ խեղճ ձկնիկները կսատկեն...
- Այո, միանգամայն իրավացի ես: Նաև վատ հոտ կտարածվի... Որպեսզի միզապարկի բջիջները չմեռնեն, բնությունն այն ստեղծել է, առաջին հերթին, շատ կենսունակ, իսկ երկրորդ հերթին՝ վերականգնվող: Բացի այդ, միզապարկը լավ դրենաժավորվող օրգան է:
- Ի՞նչ:
- Այսինքն՝ մշտապես դատարկվում է: Իսկ դու ի՞նչ ես կարծում՝ մանրէները, ի՞նչ է, միզելու ընթացքում թաթերով կառչում են միզապարկի պատերի՞ց:
- Հըմ... Չէ, դժվար թե: Դրանք նույնիսկ թաթեր չունեն, կարծում եմ... – որոշակի անվստահությամբ ասաց խմբագիրը, - իսկ ի՞նչ է՝ ունե՞ն:
- Դե, պայմանականորեն՝ այո, ունեն: Սակայն ոչ այնքան հզոր, որպեսզի կարողանան դիմակայել նմանատիպ ուժեղ հոսքին: Առավել ևս եթե հաշվի առնենք այն փաստը, որ կանանց մոտ այդ հոսքի հզորությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ: Բայց ցիստիտով հիվանդանում են առավելապես կանայք:
- Դու նորից կանանց դիսկրիմինացիայի ես ենթարկու՞մ, - կասկածամտորեն ասաց Տատյանան, - Բայց մենք քեզ ի՞նչ վատություն ենք արել:
- Ոչ մի վատություն էլ չեք արել: Պարզապես ձեր միզուկն ավելի կարճ է ու լայն:
- Իսկ, ի՞նչ է, դու կցանկանայիր, որպեսզի այն լիներ երկար և նե՞ղ, - սարկաստիկ ժպտաց Տանյան, - ու որ այն կախված լիներ մեր ոտքերի միջև՞:
- Չէ՜-չէ՜, Աստված մի՜ արասցե, - ասաց Դիլանյանը՝ խաչակնքվելով, - Պարզապես դա ցիստիտների պատճառներից մեկն է: Տեղակայված լինելով հետանցքին ու հեշտոցին շատ մոտ՝ կարճ միզուկը վարակվում է աղիքային ցուպիկով, որը մագլցում է դեպի վեր ու առաջացնում ցիստիտ:
- Բայց չէ՞ որ ինքդ էիր ասում, որ միզապարկը չափազանց կատարյալ օրգան է, - հակաճառեց դատելու կարողությունն արդեն վերջնականապես կորցրած խմբագիրը, - սուր ցիստիտն ինչպես առաջանա, այնպես էլ կանցնի՝ որևէ սարսափելի բան չկա:
- Այո, իհարկե: Սակայն գործնականում ունենում ենք քրոնիկ կրկնվող ցիստիտ, - հաղթականորեն ասաց Դիլանյանն այնպես, ասես այդ նախադասությունից հետո ամեն բան իր տեղն ընկավ:
- Սպասի՛ր-սպասի՛ր: Միլիոնավոր կանայք առհասարակ չեն հիվանդանում ցիստիտով, կամ հիվանդանում են շատ հազվադեպ՝ տասնամյակը մեկ անգամ: Ի՞նչ կապ ունի քրոնիկ կրկնվող ցիստիտը: Եվ ինչու՞ չի կարելի այն պարզապես անվանել քրոնիկ:
- Դրան նման անվանում տալու դեպքում ստիպված կլինենք բուժել այն հավերժ՝ մարդուն մշտապես ստիպելով անտիբիոտիկներ ընդունել: Իսկ ահա եթե այդ նողկալի հիվանդությունն անվանենք «քրոնիկ կրկնվող ցիստիտ», ապա ստիպված կլինենք ցույց տալ ռեցիդիվների պատճառները և վերացնել դրանք:
Քրոնիկ ցիստիտ ախտորոշումը, որպես այդպիսին, գոյություն չունի: ՀՄԴ-10-ում կա «Այլ քրոնիկ ցիստիտ» անվանմամբ ախտորոշում, ինչը նշանակում է, որ պահանջվում է ներկայացնել առավել մանրամասն ախտորոշում: Օրինակ, «Միզուկի՝ առաջին աստիճանի էկտոպիա, Քրոնիկ կրկնվող երկրորդական ցիստիտ»: Այս բնույթի սխալը մեծ տարածում ունի բժշկության մեջ, ինչը պայմանավորված է պոլիկլինիկաների բժիշկ-ուրոլոգների ժամանակի սղությամբ: Իսկ ստացիոնարների բժիշկներն այդ հարցով չեն զբաղվում: Արդյունքում ունենում ենք մեծ խնդիրների հանգեցնող անտիբիոտիկների՝ մեծ չափաբաժինների հաճախակի և ապարդյուն ու ոչ ադեկվատ նշանակումներ:
- Եվ որո՞նք են այդ պատճառները, - խոժոռվեց խմբագիրը, - Ինչու՞ հնարավոր չէ պոլիկլինիկայում դրանք բացահայտել և վերացնել:
- Ահա, նայի՛ր՝ բացատրեմ մատներիս վրա: Կանայք նախ ծնվում են ֆիզիոլոգիապես որպես օրիորդ, այնպես չէ՞:
- Դե հա…
- Նրանք ունեն կուսաթաղանթ, անպես չէ՞:
- Դե հա, ունեն…
- Եվ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալիս այն պատռվում է, չէ՞: Իսկ հիմա լավ մտածի՛ր և պատասխանի՛ր ինձ՝ ի՞նչ է ձևավորվում այդ պատռվածքի հատվածում:
- Դեեե… Թերևս ոչի՞նչ…
- Այդ հատվածում ձևավորվում է սպիացած հյուսվածք, ճիշտ այնպես, ինչպես սպիի դեպքում: Եվ քանի որ հեշտոցը կլորավուն է, ապա այդ սպիները երբեմն դեպի իրենց խորքն են քաշում միզուկը: Այդ երևույթի անունն իրենից ներկայացնում է սարսափելի մի բառակապակցություն՝ «հիմենոուրետրալ-միզուկային կպումներ»: Եթե նույնիսկ խոսքը մեկ սանտիմետրի մասին է, ապա նույնիսկ դա կբավականացնի, որպեսզի միզուկը դադարի փակվել, առաջանա լայն բացվածք ու, երկարության նվազման դեպքում իր մեջ ներքաշի հեշտոցի բոլոր բակտերիաները:
Միզուկի դիստոպիան վիճակ է, որը զարգանում է կանանց մոտ կուսությունից զրկվելու արդյունքում՝ կուսաթաղանթի պատռվածքի տեղում ձևավորված սպիացած հյուսվածքի պատճառով: Սպիացած հյուսվածքը մեխանիկորեն դեպի իրեն է ձգում միզուկը, ինչի արդյունքում վերջինս է՛լ ավելի է կարճանում, իսկ դրա արտաքին անցքը լայն բացվում է: Վարակը միզապարկ է ներթափանցում առավել դյուրին կերպով, հատկապես՝ սեռական հարաբերությունից հետո:
- Բայց այդ դեպքում ինչու՞ միզապարկը դուրս չի նետում այդ ամենն իր միջից, - թվում է՝ խմբագիրն արդեն լրջորեն հետաքրքրված էր այդ թեմայով:
- Դուրս է նետում և բավականին հաջող կերպով վերականգնվում է: Պարզապես… Այդ վարակը, այսինքն՝ աղիքային ցուպիկը, կրկին ու կրկին անգամ ներթափանցում է միզապարկ: Այն սկսում է բազմանալ բավականին բարենպաստ պայմաններում, տրիգոնիտ է հարուցում և…
- Ստո՛պ: Մի՛ վայրկյա՛ն, Դիլանյա՛ն: Լռի՛ր ու այլևս ո՛չ մի բառ մի՛ արտասանիր, - խոսակցին ընդհատում է խմբագիրը, - Եթե չեմ սխալվում, մենք հենց նոր խոսում էինք այն մասին, որ աղիքային ցուպիկն առաջացնում է ցիստիտ:
- Ճի՛շտ այդպես:
- Իսկ այդ տրիոգինիտ ասածն ի՞նչ է: Դա ի՞նչ զզվելիություն է:
- Դա Լիետոյի եռանկյան բորբոքումն է…
- Ի՞նչ եռանկյուն:
- Դա գտնվում է միզապարկի ներքևում: Ձևավորվում է միզածորանների ելանցքներով և միզուկի ներքին ելանցքով:
- Դե, այն պարզ պատճառով, որ բորբոքման արդյունքում փոփոխվում է կառուցվածքը, և միզածորանների ելանցքերը լայն բացվում են: Իսկ այդ դեպքում հնարավոր է՝ առաջանա մեզի ներհոսք դեպի երիկամներ:
- Իսկ եթե մեզը վարակված է, ապա այդ վարակը կթափանցի երիկամների մեջ և կհարուցի դրանց բորբոքու՞մ, այնպես չէ՞, - մի փոքր մտածելուց հետո հարցրեց Տատյանան, - ճի՞շտ եմ հասկանում:
- Բի՜նգո: Ճիշտ այդպես, - Դիլանյանը հաստատեց խմբագրի կասկածները:
- Եվ այդ դեպքում ունենում ենք...
- Այո՝ ճիշտ այդպես՝ պիելոնեֆրիտ:
- Հա, ես առնչվել եմ այդ զզվելի երևույթին երկրորդ ծննդաբերությանս ժամանակ, - մտահոգ ասաց գլխավոր խմբագիրը, - ծայրահեղ տհաճ բան է...
- Շա՜տ:
- Ամեն դեպքում չեմ հասկանում: Իսկ ինչու՞ հնարավոր չէ պարզապես հետազոտվել պոլիկլինիկայում և տեսնել այդ էկտոպիան՝ այսպես կոչված՝ միզուկի տեղաշարժը: Ինչու՞՝ կասե՞ս:
- Դե, առաջին հերթին, պոլիկլինիկայում ոչ բոլոր ուրոլոգներն են ժամանակ ունենում գինեկոլոգիական զննում իրականացնել: Գինեկոլոգիայում այդ բանին առհասարակ ուշադրություն չեն դարձնում: Դա նրանց պաթոլոգիան չէ:
- Դե, այդ դեպքում կարելի է պարզապես խնդրել ուրոլոգին, որպեսզի զննի, ահա և վերջ:
- Դա այնքան էլ այդպես չէ: Ցավոք, միզուկի դիստոպիան միզուղիների քրոնիկ բորբոքումների միակ պատճառը չէ, - Դիլանյանը մտահոգվեց, վառեց ծխախոտը՝ փորձելով գտնել մյուս պատճառները հնարավորինս հասկանալի բացատրելու տարբերակ:
- Ահաաաա... Ի՜նչ լավ է, որ չեմ ընտրել բժշկի մասնագիտությունը: Իսկ մայրս հազիվ էր լացը զսպում, երբ որոշեցի ընդունվել ժուռնալիստական ֆակուլտետ: Էլի ինչ-որ բան կա՞:
- Քարեր: Դիվերտիկուլներ: Միզուկի նեղացում: Սկինեիտ: Հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: Էնդոկրինոլոգիական խանգարումներ: Շաքարային դիաբետ:
Դիվերտիկուլը միզապարկի պատի բշտիկն է: Միզապարկը վատ է դատարկվում, այդ իսկ պատճառով համապատասխան պայմաններ են առաջանում մանրէների զարգացման համար:
Սկինեիտը սկինային (պարաուրետրալ) գեղձերի բորբոքումն է: Այդ գեղձերն իրենցից ներկայացնում են շագանակագեղձի թերաճ մնացորդներ, իսկ շագանակագեղձ, ինչպես հայտնի է, կանանց մոտ գոյություն չունի: Միզուկի շուրջբոլորը գեղձեր են, որոնք, սակայն, չեն իրականացնում որևէ յուրահատուկ ֆունկցիա, բայց հենց դրանցում են հիանալի պայմաններում ապրում ու միզապարկ լցվում մանրէները:
- Ստո՛պ: Բավակա՛ն է, - Տատյանայի վերին կոպը սկսեց շարժվել, - անկե՛ղծ ասա, դու հիմա ինձ ծաղրու՞մ ես, այնպես չէ՞:
- Ոչ, դեռ ոչ, - մրթմռթաց Դիլանյանը, իսկ ինչու՞:
- Ապա մի նայի՛ր քո հոդվածի ծավալը: Եվ ինչպե՞ս ես պատկերոցնում, ու՞ր պետք է ես այն խցկեմ:
- Մակետավորի՛ր սյունակներով, կստացվի ութ սյունակ...
- Աստվա՜ծ իմ, ինչու՞ չես պատժում այս մարդուն շատախոսության ու անառակության համար:
- Բայց ի՞նչ անառակություն: Այստեղ որտե՞ղ ես տեսնում անառակություն:
- Դու արդեն մեկ ժամ է, ինչ անընդմեջ խոսում ես հեշտոցի մասին: Դա անառակություն չէ՞: Քեզ խարույկի վրա՛ է այրելն անգամ քիչ է:
- Նկատի ունեցիր,որ դեռ քեզ սկինեիտի մասին չեմ հասցրել պատմել, - ժպտաց Դիլանյանը, - Դիստոպիայի մասին ևս դեռ ամենը չեմ ասել:
- Է՞լ ինչ կա դիստոպիայի մասին, - արդեն դժվարությամբ հարցրեց խմբագիրը՝ ուժերն արդեն վերջնականապես լքում էին նրան:
- Մի խոսքով, անհրաժեշտ է անպայման նշել, որ եթե ցիստիտի ժամանակ բարձրանում է ջերմությունը, ապա պետք է գնալ բժշկի, - շտապեց ասել Դիլանյանը, - Ավելացնեմ նաև, որ դիստոպիան բուժվում է միայն վիրահատական տարբերակով՝ միզուկը երկարացվում է այնքան, որպեսզի դրա ելանցքը չառնչվի մանրէներով «հարուստ» միջավայրի հետ:
Խմբագիրը լռում էր: Նրա աչքերը փակ էին, գունատ դեմքը տառապանք էր արտահայտում: Նրա գլխում ծագած միտքն այնքան ակնհայտ էր, որ Դիլանյանը շտապեց հերքել այն:
- Չէ՛, չէ, նման բան թող մտքովդ չանցնի: Վիրահատությունից հետո միզուկը կախված չի մնում: Որևէ տգեղ բան չկա, ամեն բան գեղեցիկ է արվում:
- Դիլանյա՛ն... – առանց աչքերը բացելու ասաց խմբագիրը, - Գրի՛ր հոդվածդ: Մեր խոսակցության ձևաչափով: Եվ առանց մասնագիտական տերմինների: Առանց եռացած մեզի: Առանց այրված մսի: Լա՞վ:
- Շնորհակա՛լ եմ, Տա՛նյա, - փոքրիկ դադարից հետո ցածր ասաց Դիլանյանը, - թեման, այնուամենայնիվ, կարևոր է...
- Միայն թե մի՛ նեղացիր, լա՞վ: Ես քո հոդվածը ոչ կարդալու եմ, ոչ խմբագրելու: Պայմանավորվեցի՞նք, - խմբագրի՝ նույնիսկ փակ աչքերն արտահայտում էին Դիլանյանին այլևս երբեք չտեսնելու ցանկություն:
- Լավ, Տա՛նյա: Շնորհակալ եմ: Մինչ հանդիպում, - Դիլանյանը ոտքի կանգնեց, իր ետևից փակեց դուռը ու դիմեց քարտուղարուհուն:
- Մարի՛ա, Տատյանա Ալեքսանդրովնայի համար ևս հարյուր գրամ կոնյակ լցրե՛ք, խնդրում եմ: Նաև... այսօր նրա մոտ ոչ ոքի չթողնե՛ք: Թո՛ղ մի փոքր մենակ մնա, հանգստանա:
Բոլոր կանայք, նույնիսկ նրանք, ովքեր երբևէ միզապարկի հետ կապված խնդիր չեն ունեցել, պետք է հետևեն հետևյալ կանոններին.
ա) երբեք չնստե՛լ սառը քարին,
բ) ձմռանը չտարվել թեթև ու անտեսանելի սպիտակեղեն կրելու գայթակղությամբ,
գ) սննդակարգի մեջ անպայման ներառել պտղահյութ՝ մորս. նվազագույնը շաբաթական երկու անգամ՝ մեկ բաժակ: