+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Անմիզապահություն և չար խմբագիրը

- Բնությունը հիմա՜ր է, - վստահ տոնով ասաց Դիլանյանը, մոխրամանը հրեց դեպի իր առջև նստած հանրահայտ ամսագրի խմբագիրը և, վառելով ծխախոտը, տխուր հայացք նետեց դեպի վերջինս, - Տա’նյա, այ, օրինակ, բացատրի՛ր ինձ, խնդրեմ...
- Հովհաննե՛ս... – Տատյանան ճնշված էր – Գիտե՞ս, անգամ չգիտեմ՝ ինչպես բացատրել...
- Դե... Ինչ-որ կերպ բացատրի՛ր: Դու համագործակցում ես լավ, տաղանդավոր բժիշկների հետ: Քեզ համար մշտապես հասանելի է Դիլանյանը՝ անձամբ: Ավելին, դու կարող ես զանգահարել նրան գիշերով և օրվա ցանկացած ժամի ու բղավել միայն այն բանի համար, որ նա ուշացնում է հերթական հոդվածը: Եվ դու չե՞ս կարողացել մեկ րոպե գտնել, որպեսզի նրան պատմես քո խնդրի մասի՞ն: - Դիլանյանի հոնքերը դանդաղ բարձրացան դեպի վեր, շուրթերը ձգվեցին, և նա ընդունեց նեղացած երեխայի կերպարանք: Իրականում այդ ամենը նման էր ծամածռության, սակայն խնդրում եմ՝ չասե՛ք նրան այդ մասին: Թո՛ղ մտածի, որ իր միմիկան շատ արտահայտիչ է: Ճիշտ է, երբեմն երեխաները վախենում են նրանից, բայց ոչինչ, խնդիր չէ:
- Բայց ի՞նչ կապ ունի Դիլանյանը: Շուրջբոլորը, ի՞նչ է, միայն Դիլանյա՞նն է: Մեկ աջ ու ձախ հոմեոպատներին է վատաբանում, մեկ ինձ մոտ զզվանք է առաջացնում մեզի մասին իր պատմություններով, մեկ արտահայտվում է ձեռնաշարժության դեմ, մեկ խոսում ցիստիտի ռեցիդիվների թեմայով... – խմբագիրը սկսեց լացել, նրա աչքերի տակ տուշի սև հետքեր հայտնվեցին: Բերանն ընդհանրապես ծռվեց, իսկ ուղեղը բացարձակապես դադարեց աշխատել. 
- Հըմ… Ի՞նչ է, այնպես ես պահում քեզ, ասես ուրոլոգ չկա ծանոթներիդ շրջանում: Դե ես էլ երևի կորե՞լ եմ, - վիրավորվեց Դիլանյանը, քանի որ վստահ էր, որ հենց ի՛նքը կարող էր ամենից շատ օգտակար լինել այդ հարցում:
- Ախր ես քեզանից բացի ուրիշ ոչ ոք չունեմ, - ծանր հոգոց հանեց խմբագիրը:
- Ի՞նչն է անհանգստացնում քեզ, Տանյու՛շ: Խնդրում եմ՝ միայն թե անկեղծ եղի՛ր, լա՞վ, - Դիլանյանն արագ կերպով կամակոր և հանրահայտ հրապարակման փոքր-ինչ շովինիստ հեղինակից վերածվեց բժշկի՝ պատրաստ գանգատներ լսելու:
- Հասկանու՞մ ես... Դա չափազանց անձնական խնդիր է… - կարմրելով շշնջաց Տանյան:
- Տա՛նյա, ինձ մարդիկ պատմում են իրենց զուգընկերների մասին: Պատմում են այն մասին, թե ինչպես են դավաճանում ամուսնուն կամ կնոջը: Պատմում են այն մասին, որ սկսել են սեռական կյանքով ապրել 35 տարեկանում: Կասկածում եմ, որ կարողանաս ինձ ինչ-որ նոր բան պատմել, - հակափաստեց Դիլանյանը:
- Դե... Վատ հոտ է գալիս: Ես օրական 5-7 միջադիր եմ փոխում: Մի խոսքով, ես չեմ կարողանում նորմալ ծիծաղել, փռշտալ, հազալ..., - խմբագիրն այնքան ճնշված էր, ասես Համլետի հոր ստվերը լիներ:
- Ընդամենը դա՞, - լսածը Դիլանյանի վրա բացարձակապես որևէ տպավորություն չթողեց, - Ընդամենը անմիզապահությու՞ն ու վե՞րջ:
Մեզի ցանկացած ոչ կամայական արտազատման գանգատ կոչվում է անմիզապահություն: Անհրաժեշտ է տարբերել վերոհիշյալ հասկացությունը “միզարձակությունից”, երբ հիվանդը գանգատվում է, որ միզելու ցանկությունն այնքան ուժեղ է, որ բացարձակապես հնարավոր չէ դիմանալ: Անմիզապահությունը կարող է առաջանալ զանազան պաթոլոգիաների արդյունքում. չէ՞ որ միզելու պրոցեսը կախված է գլխուղեղից և ողնուղեղից, միզապարկի, դրա մկանների վիճակից, նյարդերից, միզապարկի վզիկի և միզուկի սատարող համակարգ հանդիսացող սֆինկտերային ապարատից:
- Դե հա: Իսկ ի՞նչ է, դա բավական չէ՞, - զարմացավ խմբագիրը:
- Չէի ցանկանա չափազանց ինքնավստահ թվալ, սակայն մեր օրերում անմիզապահության տեսակների մեծ մասը բուժվում են, - մտախոհ ասաց Դիլանյանը, - Կարևորն այն է, որ հասկանանք՝ որտեղից է առաջացել այդ անմիզապահությունը:
- Իսկ որտեղի՞ց է դա առաջանում, - Տանյայի աչքերում փայլ առաջացավ: Մասնագիտական հետաքրքրասիրությունն առաջ անցավ սեփական հիվանդության գիտակցումից: - Իսկ մի՞թե անմիզապահություն հիվանդություն չէ:
- Դա ավելի շուտ ախտանիշ է, - Դիլանյանը մտածում էր՝ ինչպես ավելի պարզ բացատրել, - ահա, օրինակ, քո դեպքում գործ ունենք սթրեսորային ինկոնտինենցիայի՝ սթրեսային անմիզապահության հետ…
- Դիլանյա՛ն, ես, ճիշտ է՝ հասկանում եմ, որ ազգությամբ ռուս չես, - մռայլվեց խմբագիրը: - Բայց արի՛, այնուամենայնիվ, անգամ եթե ակցենտով, բայց խոսիր մի փոքր ավելի ռուսերեն, լա՞վ:
- «Սթրեսը» ճնշումն է: «Ինկոնտինենցիան» - անմիզապահությունը: Երբ փռշտում, հազում կամ ծիծաղում ես, որովայնում բարձրանում է ճնշումը: Բարձրանում է նաև ճնշումը միզապարկի վրա: Նորմալ դեպքերում ստրուկտուրաները, որոնց վրա հենվում է միզուկը, բավականին ամուր են և կարողանում են դիմակայել այդ ճնշմանը: Իսկ անմիզապահության դեպքում կոնքային հատակի մկաններն այս կամ այն պատճառով թուլանում են, և ունենում ենք մեզի արտահոսք:
- Իսկ ինչու՞ են դրանք թուլանում: Հիմա կասես՝ սեքսի պատճառով է, - կասկածամտորեն ասաց Տանյան:
- Ավելի ճիշտ՝ դրա բացակայության պատճառով է… - հոգոց հանեց Դիլանյանը՝ հասկանալով, որ անհրաժեշտ է բացատրել շարակցական հյուսվածքի պաթոլոգիայի բիոքիմիան, կոլագենի, էստրոգենի, ծննդաբերության և այլնի ազդեցությունը:
- Սպասի՛ր, սպասի՛ր, սպասի՛ր, - անհանգստացավ խմբագիրը, - Միայն թե չսկսես ինչ-որ բաներ պատմել գլիկոզամինոգլիկանների ու էստրադիոլի մեթիլացման մասին, այնպես չէ՞:
- Ա՜յ քեզ բաաան: Եվ երկա՞ր ես պարապել, - զարմացավ Հովհաննեսը և մի տեսակ առավել հարգալից սկսեց նայել խմբագրին:
Սթրեսային անմիզապահությունը կարող է պայմանավորված լինել միզապարկի վզիկը և միզուկը սատարող կոնքային հատակի, կապող ստրուկտուրաների մկանների թուլացմամբ, ինչպես նաև նյարդաբանական և անատոմիական մի շարք յուրահատկություններով:
Քեզանից եմ ձեռք բերել – Տանյան անհույս թափահարեց ձեռքը, - Իսկ ինչպե՞ս է այն բուժվում:
- Դե, եթե խոսքը գնում է սթրեսորային անմիզապահության մասին, ապա իրականացվում է այսպես կոչված սլինգային վիրահատություն: Էությունը կայանում է նրանում, որ միզուկի թուլացած հատվածի տակ անց է կացվում ցանցաճոճ հիշեցնող օղակի նման մի բան. TVT-ն և դրա տեսակները:
- Ռա՛շըն, ռա՛շըն, - երգեցիկ տոնով ասաց Տանյան, - Թի-Վի-Թի՞: Դա ի՞նչ է, ինչ-որ նոր հեռուստաընկերության անու՞ն է:
- Ոչ թե հեռուստաընկերության անուն է, այլ նշանակում է «Tension-free Vaginal Tape» - ճնշումից զերծ հեշտոցային օղակ:
- Լավ: Այ հիմա լրիիիի՜վ հասկացա: Պարզապես ասեմ, որ ոչի՛նչ չհասկացա:
- Դեեե… Մի խոսքով՝ այդ ցանցը տեղադրվում է այնպես, որ միզուկը չսեղմվի: Այն պահին, երբ միզուկը փորձում է բացվել չափից ավելին, որպեսզի դուրս թողնի մեզը, պարզվում է, որ առկա է հենարան՝ հենց այդ նույն ցանցի տեսքով:
- Եվ անմիզապահությունն անցնու՞մ է:
- Այո:
- Իսկ կարելի՞ է այդ ամենն անել առանց վիրահատական միջամտության, - արդեն բացարձակապես անհույս ձայնով հարցրեց Տանյան՝ ասես խմբագրի դերից վերադառնալով հիվանդի դերին, - դե… նկատի ունեմ վարժություններ կամ նման մի բան…
- Կոնքային հատակի մկանների ամրացումը միշտ էլ օգտակար է և ասեմ ավելին՝ դրանով դու գերագույն հաճույք կպատճառես ամուսնուդ, - հեղինակավոր տոնով հայտարարեց Դիլանյանը. – ուղղակի հասկանու՞մ ես, Տանյա, անմիզապահությունը բազմակողմ խնդիր է: Պատճառները շատ բազմազան են, և այդ թեմայով բժիշկների համար բազմահատոր մեթոդական ձեռնարկներ են գրվել: Բժշկության մեջ դրա դրսևորումների ախտորոշումն իրենից ներկայացնում է առանձին բաժին: Իսկ առանց վիրահատության… Կախված է այն բանից, թե ինչով է պայմանավորված այդ անմիզապահությունը: Շատ դեպքերում կարելի է սահմանափակվել վարժություններով, ֆիզիոթերապիայով, նեյրոստիմուլյացիայով: Վիրահատությունն իրենից միշտ ներկայացնում է ծայրահեղ միջոց, և այդ հարցը միշտ անհրաժեշտ է լուծել միմիայն բժշկի հետ խորհրդակցելու պայմանով: Ոմանք մի կաթիլ մեզ կորցնելով՝ ընկնում են հիստերիայի մեջ, իսկ գործնականում պարզվում է, որ դա նույնիսկ անմիզապահություն չէ, այլ ինչ-որ արտադրություն: Ոմանք օրական 10 միջադիր են փոխում՝ համարելով, որ ամեն բան այդպես էլ պետք է լիներ՝ տարիք է, - Դիլանյանը՝ վրդովված, սկսեց ծխել:
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության ձևից, և թերապիան պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից, քանի որ որոշ դեպքերում այս կամ այն մեթոդներ (վարժություններ, դեղամիջոցներ և այլն) կարող են հակացուցված լինել և անգամ վատթարացնել կնոջ վիճակը:
- Այդ մասին հոդված կգրե՞ս, - ցածրաձայն հարցրեց Տանյան, - կարող ես ընդունել, որ խնդրանքս անձնական շահ է հետապնդում:
- Իհարկե: Բայց միայն այն բանից հետո, երբ բուժումդ ավարտենք, լա՞վ:
- Ա՜յ դու շանտաժիստ:
- Դե հա, ինչ-որ առումով իրավացի ես… Իսկ դու դեռ երկա՞ր ժամանակ ես պատրաստվում վաստակածդ վատնել միջադիրների վրա:
- Չէ, այլևս չեմ ցանկանում:
- Այդ դեպքում՝ համալիր ուրոդինամիկական հետազոտություն և բուժում: Լա՞վ:
- Լավ, պայմանավորվեցինք, - ասաց Տանյան, - իսկ ինչպե՞ս ես այդ մասին հումորով գրելու:
- Ոչ մի կերպ, Տանյա: Այդ մասին չի ստացվի ոչ միայն հումորով գրել, այլև ինձ չի հաջողվի ընդգրկել նյութն իր էության ողջ ծավալով… Արի այսպես անենք. դու հոդվածի տակ մեծ տառաչափով կանանց համար մի կոչ կգրես:
- Ի՞նչ կոչ:
- Մոտավորապես այսպես.
Անմիզապահությունը մահացու հիվանդություն չէ: Սակայն այն հանդիսանում է հիվանդություն-գող: Այն հափշտակում է մեր ժամանակը: Այդ իսկ պատճառով, հարկավոր է հարցերը տալ ժամանակին: Հետազոտվե՛ք տարեկան մեկ անգամ՝ ընդհանուր բուժզննման կարգով: Անհանգստացնող ախտանիշեր հայտնվելուն պես անմիջապես դիմե՛ք բժշկի: Ուրոլոգի: Խնդրում եմ, միայն թե չմտածե՛ք, թե ամեն ինչ ինքն իրեն կանցնի:
- Լավ, Հովհաննե՛ս: Կգրեմ: Իսկ այժմ ես պետք է գնամ:
- Ու՞ր ես գնում: Ես դեռ քեզ թույլ չեմ տվել գնալ, - բացականչեց Դիլանյանը և փոքր-ինչ դիմադրություն ցույց տվող Տատյանային քարշ տվեց ուրոդինամիկական հետազոտությունների կաբինետ, որպեսզի ստիպի նրան մեզի անալիզ հանձնել և չափել մեզի շիթը:
…Տարօրինակ մարդ է այս Դիլանյանը, ճիշտ են ասում…