+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Երիկամի իջեցում

Նեֆրոպտոզ կամ երիկամի իջեցում

Ի՞նչ է նեֆրոպտոզը: Ո՞րն է պատճառը, որ մի դեպքում երիկամի իջեցումը չի հանգեցնում որևէ խնդրի, իսկ մեկ այլ դեպքում՝ լինում են ուղեկցող ցավեր, երիկամներում առաջանում են քարեր, բարձրանում է զարկերակային ճնշումը և առաջանում է երիկամի կորստի ռիսկ: Մի շարք դեպքերում նեֆրոպտոզով տառապող հիվանդն ապարդյուն բուժվում է մշտապես կրկնվող պիելոնեֆրիտներից, նրա մոտ պարբերաբար առաջանում են քարերի արտազատմամբ զուգորդվող երիկամի ծակծկոցներ: Երկար քայլելու դեպքում գոտկատեղի հատվածում առաջանում են ցավեր, որոնք սովորաբար վերագրվում են ողնաշարին... Ավելի բարդ դեպքերում նեֆրոպտոզով տառապող երիտասարդները ստիպված են լինում ընդունել զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ:

Նեֆրոպտոզի բուժումը

image/svg+xml

Երիկամի իջեցման լապարոսկոպիկ վիրահատությունը – կամ լապարոսկոպիկ նեֆրոպեկսիան երիկամի իջեցման բուժման ժամանակակից ստանդարտն է: Ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ վիրահատության իմաստն է՝ երիկամի ֆիքսումն իր նորմալ տեղում: Սակայն, ի տարբերություն բաց վիրահատության, երիկամի իջեցման լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հիվանդները չեն ունենում սպիներ, վիրահատությունը հեշտ են տանում, չկան նաև բորբոքման ռիսկեր կամ մի ամբողջ ամիս հիվանդանոցում անցկացնելու անհրաժեշտություն:
Նեֆրոպտոզի լապարոսկոպիկ վիրահատության համար հիվանդը հոսպիտալացվում է ընդամենը երկու օրով: Այնուհետև կարելի է վերադառնալ կյանքի սովորական ռիթմին:

Հիվանդս 23-ամյա մի երիտասարդ կին է: Գանգատվում է գոտկատեղի՝ առավելապես աջ կողմի ցավերից, զարկերակային ճնշման պարբերաբար բարձրացումից, մինչև 150/110, աջից հաճախ կրկնվող պիելոնեֆրիտի նոպաներից, ինչի համար էլ ստանում է հակաբակտերիալ բուժում: Մեզի անալիզում հաճախ արյուն է հայտնաբերվում...

Ամբուլատոր քարտում՝ չոր, հակիրճ տողեր... Իսկ իմ առջև՝ երիտասարդ, նիհար մի աղջիկ, որը վախենում է հղիանալ, վախենում է նույնիսկ նվազագույն մրսածությունից, վախենում է երկար քայլել և պայուսակում արդեն միշտ ունի ճնշման դեղեր: Ակտիվ կենսակերպի մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ծառերի ետևում անտառը չի երևում

Երիկամի իջեցման ախտանիշերը

Ավաղ, երիկամի իջեցումը չունի ակնհայտ ախտանիշեր: Գոտկատեղի ցավերը սովորաբար վերագրվում են ողնաշարի օստեոխոնդրոզին, առավել ևս այն դեպքում, երբ դրանք անցնում են պառկելուն պես: Ճնշման բարձրացումը վերագրվում է ստրեսներին և ժառանգականությանը, իսկ երիկամի հաճախակի բորբոքումները, պիելոնեֆրիտները համարվում են մրսածության արդյունք... Իսկ քանի որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հիվանդը պառկած է, երիկամը վերադառնում է իր տեղը, և հետազոտության եզրակացության մեջ կատարվում է հետևյալ գրառումը. «երիկամների տեղակայումը նորմալ է»:

Սովորական մի պատմություն երիկամի իջեցման մասին

...— Իսկ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում Դուք կանգնա՞ծ էիք, թե՞ պառկած:
— Պառկած էի... Կողքի վրա, եթե չեմ սխալվում... Ասացին, որ կան քրոնիկ պիելոնեֆրիտի նշաններ, այդքանը: Չգտան ո՛չ երիկամի ուռուցք, ո՛չ էլ քարեր: Բայց այդպես էլ չասացին՝ որտեղից էին ինձ մոտ առաջացել այդ պիելոնեֆրիտները: Մեզիս մեջ միշտ արյուն կա, էրիթրոցիտները 20-30-ից պակաս չեն լինում, իսկ գոտկատեղս պարզապես ցավից պոկվում է... Գինեկոլոգը խորհուրդ չի տալիս հղիանալ, չկա անտիբիոտիկ, որ խմած չլինեմ պիելոնեֆրիտի դեմ...

«Հիվանդության պատճառը հասկանալը բուժման կեսն է»
Հիպոկրատ

Նեֆրոպտոզի հետևանքները և ստադիաները

Երիկամի իջեցում
image/svg+xml
image/svg+xml

Երիկամի իջեցման հետևանքները պայմանավորված են երկու գործոնով՝ մեզի հոսքի խախտմամբ և արյան հոսքի վատթարացմամբ:
Ահա թե ինչում է կայանում նեֆրոպտոզի սպառնալիքը. երբ երիկամն իջնում է, այն, ասես, կախվում է իրեն պահող միակ ստրուկտուրայից՝ սեփական զարկերակից: Զարկերակը ձգվում է: Ինչպես ցանկացած այլ խողովակի դեպքում, երիկամային զարկերակի տրամագիծը փոքրանում է, և համապատասխանաբար՝ նեֆրոպտոզի դեպքում երիկամ ավելի քիչ արյուն է մտնում: Երիկամը ջանում է ստանալ իրեն բաժին հասնող մասը՝ արտազատելով զարկերակային ճնշում բարձրացնող հատուկ նյութ՝ «ռենին»: Հաջորդ խնդիրը մեզի հոսքի խախտումներն են: Երիկամի իջեցման դեպքում միզածորանը ծռվում է՝ ձևավորելով «արմունկներ», որոնցով մեզը դժվարությամբ է հոսում: Միզականգն իդեալական իրավիճակ է մանրէների համար: Չմաքրվելով մեզի հոսքի միջոցով՝ վերջիններս սկսում են բազմանալ, և առաջանում է սուր պիելոնեֆրիտ: Դրանով էլ պայմանավորված է քարերի առաջացումը:
 

Սովորական մի պատմություն երիկամի իջեցման մասին

— Ապա, խնդրում եմ, շրջվե՛ք մեջքով դեպի ինձ: – Մոտեցնում եմ ուլտրաձայնային տվիչը մեջքին, սական սովորական տեղում երիկամ ուղղակի չկա: Իջեցնում եմ տվիչն ավելի ներքև, - Ահա, լավ... Շնչե՛ք և պահե՛ք շունչը: Հը՜մ... Դուք ունեք աջ երիկամի իջեցում, գիտական լեզվով ասած՝ նեֆրոպտոզ: Թերևս հենց դրանում էլ կայանում է Ձեր բոլոր խնդիրների պատճառը:
— Այո՛, ինձ դեռ վաղուց են ասել, որ ունեմ աջ երիկամի իջեցում: Սակայն այդ ամենն ի՞նչ կապ ունի մշտական բորբոքումների և զարկերակային ճնշման բարձրացման հետ:
— Նայե՛ք: Երիկամի իջեցման դեպքում տեղի է ունենում մեզի հոսքի խանգարում, քանի որ միզածորանը թեքվում է՝ առաջացնելով «արմունկներ»: Ցանկացած մանրէի բազմացման համար առաջանում են գերազանց պայմաններ: Ահա և պիելոնեֆրիտի պատճառը: Ավելին, մեզի հոսքի խանգարման դեպքում կարող են առաջանալ քարեր: Մյուս կողմից, նեֆրոպտոզի դեպքում երիկամն ասես կախվում է սեփական զարկերակից: Վերջինս ձգվում է, անցքը նեղանում է, և երիկամը սկսում է ավելի քիչ արյուն ստանալ: Նման պայմաններում երիկամը սկսում է արտազատել ռենին՝ զարկերակային ճնշումը բարձրացնող հատուկ նյութ: Երիկամը բացականչում է. «Ինձ ավելի՜ շատ արյու՜ն տվե՛ք»: Գոյություն ունի նեֆրոպտոզի երեք աստիճան: Առաջին աստիճանի դեպքում երիկամն իջած է ոչ ավելին, քան 1,5 ողի չափով: Երկրորդ աստիճանի դեպքում երիկամն իջած է ավելին, քան 2 ողի չափով, իսկ երրորդ աստիճանի դեպքում՝ ավելի քան երեք ողի չափով: Սակայն նեֆրոպտոզի աստիճանները միշտ չէ, որ կապ ունեն երիկամի գործառույթների խախտումների հետ:

«Բժշկի սխալի համար միշտ հատուցում է հիվանդը:
Եվ հատուցում է շատ թանկ»
Պրոֆեսոր Ալյաև

Երիկամի իջեցում. ախտորոշում

Երիկամի իջեցման ախտորոշումը միշտ պայմանավորված է որոշակի բարդություններով: Անհրաժեշտ է հասկանալ, որ հիվանդի մոտ կարող է լինել նեֆրոպտոզ և ուլտրաձայնային հետազոտությունն իրականացնել կանգնած դիրքում: Չէ՞ որ, երբ հիվանդը պառկում է, երիկամը վերադառնում է իր տեղը: Երիկամի իջեցման վերջնական ախտորոշումը հնարավոր է միայն հատուկ ռենտգենյան հետազոտության՝ ուրոգրաֆիայի միջոցով:
Այս հետազոտության իմաստը կայանում է հետևյալում. իրականացվում է հատուկ նյութի ներերակային սրսկում, որը դուրս է հանվում երիկամների միջոցով՝ առանց որևէ վնաս հասցնելու օրգանիզմին: Մենք ստանում ենք երիկամների պատկերները տարբեր դիրքերում՝ պառկած՝ փորի վրա, պառկած՝ մեջքի վրա, կանգնած՝ շնչելիս և արտաշնչելիս: Այդ հետազոտությունը թույլ է տալիս որոշել նաև երիկամների ֆունկցիոնալ կարողությունները:

Սովորական մի պատմություն երիկամի իջեցման մասին

— Ձեզ անհրաժեշտ է ուրոգրաֆիա անցնել: Ընդ որում՝ անպայման թե՛ կանգնած, թե՛ պառկած:
— Բայց չէ՞ որ Դուք հենց նոր կատարեցիք երիկամների ուլտրաձայնային հետազոտություն: Չէ՞ որ ամեն բան տեսաք...
— Ուլտրաձայնային հետազոտությունը չի հանդիսանում նեֆրոպտոզի ախտորոշման միանշանակ մեթոդ: Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս է աշխատում երիկամը, դանդաղե՞լ է արդյոք կոնտրաստային նյութի դուրսբերումը, չկա՞ն արդյոք գանգատների այլ պատճառներ, ինչպես նաև՝ պետք է ճշտենք նեֆրոպտոզի ստադիան: Իսկ դա հնարավոր է միայն ուրոգրաֆիայի դեպքում: Դուք ալերգիա ունե՞ք յոդից:
— Որքանով գիտեմ՝ ոչ... Ի՞նչ է, ինձ վրա յո՞դ են քսելու:
— Դե... դա այնքան էլ այդպես չէ: Ուրոգրաֆիան ենթադրում է հատուկ նյութի ներերակային ներարկում, որի մեջ կա յոդի պարունակություն: Այդ նյութը կոնտրաստային է ռենտգեն ճառագայթների հանդեպ, այսինքն՝ այն լավ տեսանելի է ռենտգենյան նկարների վրա: Այն դուրս է բերվում օրգանիզմից երիկամների միջոցով. դրանով էլ բացատրվում են այդ նյութի հարուստ դիագնոստիկ հնարավորությունները: Ելնելով այդ նյութի՝ օրգանիզմից դուրս գալու արագությունից՝ մենք կարողանում ենք եզրակացություն կազմել երիկամների ֆունկցիաների վերաբերյալ, ստանում ենք երիկամների բաժակների, ավազանների և միզածորանների ռենտգեն պատկերները, կարողանում ենք որոշել մեզի հոսքի խանգարումը և ուղղակիորեն տեսնել խանգարման պատճառը: Նկարելով հիվանդին կանգնած և պառկած դիրքում՝ մենք կարող ենք տեսնել երիկամի տեղաշարժը՝ կախված մարմնի դիրքից և, համապատասխանաբար, ճշգրիտ կերպով որոշել երիկամի իջեցման փաստը և աստիճանը:

«Յուրաքանչյուր անգամ, առաջարկելով վիրահատություն, լա՛վ մտածիր. կառաջարկեի՞ր այն բարեկամիդ»
Ա.Վ. Ստեփանյան, օնկոգինեկոլոգ

Երիկամի իջեցման բուժումը

Երիկամի իջեցման բուժումը բարդ խնդիր է: Հաճախ պատահում է այնպես, որ չնայած երիկամի իջեցմանը, հիվանդի մոտ որևէ խանգարում չի հայտնաբերվում. չկան երիկամի ցավեր, չկա արյուն մեզի մեջ, զարկերակային ճնշումը նորմալ է, հիվանդը երբեք պիելոնեֆրիտ չի ունեցել: Դա նշանակում է, որ երիկամը հիվանդ չէ և բուժման կարիք առանձնապես չկա: Անհրաժեշտ է ընդամենը զննել հիվանդին տարեկան մեկ անգամ և խորհուրդներ տալ անհրաժեշտ դիետաների վերաբերյալ:
Միանգամայն այլ է իրավիճակը, երբ նեֆրոպտոզը քայքայում է հիվանդի կյանքը. երիկամի ցավը, մեզի մեջ հայտնված արյունը, երիկամի հաճախակի բորբոքումները սահմանափակում են նրա ակտիվ կյանքը: Այդ ժամանակ առաջ է գալիս բուժման ընտրության հարցը: Կարելի՞ է արդյոք տվյալ հիվադին փորձել բուժել թերապևտիկ եղանակով. օրինակ, խորհուրդ տալ մարմնի ծավալը մեծացնող դիետա կամ նշանակել ֆիզիկական վարժությունների հատուկ կոմպլեքս: Կօգնի՞ արդյոք նեֆրոպտոզի տվյալ դեպքում որովայնակալ (բանդաժ) կրելը: Թե՞ իրավիճակն այնքան է բարդացել, որ անհրաժեշտ է վիրահատել:

Սովորական մի պատմություն երիկամի իջեցման մասին

— Ահա… — Նայում եմ նկարները և հասկանում, որ այստեղ չեն օգնի ոչ բուժական  մարմնամարզությունը, ոչ էլ հատուկ որովայնակալ կրելը: Երիկամն իջած է 3 ողի չափով, կանգնած դիրքում ստորին մեկ երրորդ մասը գտնվում է կոնքում: - Գիտե՞ք, ես Ձեզ խորհուրդ կտայի վիրահատություն:
— Ես այդպես էլ գիտեի, որ ամեն ինչ այսպես է ավարտվելու, — ասում է հիվանդը՝ ասես դատապարտված, — ճիշտ այնպես, ինչպես մորաքրոջս մոտ եղավ:
— Մորաքրո՞ջ:
— Այո... Մայրիկիս քրոջ մոտ ևս երիկամի իջեցում էր: Նրան վիրահատեցին: Եվ դա դարձավ նրա ողջ կյանքի ամենամեծ սարսափը: Վիրահատությունից հետո նա պառկած մնաց 30 օր. սարսափելի ցավեր ուներ: Այդ սպիի պատճառով նա ամուսնալուծվեց: Վիրահատությունից 15 տարի անց սպիի տեղում առաջացավ ճողվածք, որը վիրահատել են 7 անգամ: Ես չեմ ցանկանում վիրահատվել:
— Պարզ է... Կամ, ավելի ճիշտ, Դուք չեք ցանկանում վիրահատվել այնպես, ինչպես նա, այդպես չէ՞:
— Այո: Ես գերադասում եմ հաբեր խմել ողջ կյանքիս ընթացքում, քան հետագայում տառապել մորաքրոջս նման:
— Գիտե՞ք, այժմ երիկամի իջեցումը գրեթե երբեք չեն վիրահատում բաց եղանակով: Չէ՞ որ գոյություն ունի լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Մեծ կտրվածքի փոխարեն բացվում է երեք անցք, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը չի գերազանցում 5մմ-ն:
— Ես կարծում էի՝ լապարոսկոպիան ձվարանների զննումն է:
— Ոչ միայն դա: Ներկայումս բազմաթիվ վիրահատություններ իրականացվում են լապարոսկոպիկ մեթոդով: Մի շարք վիրահատություններ իրականացվում են միայն այդ մեթոդով: Օրինակ՝ նեֆրոպտոզի ժամանակ երիկամի բարձրացումը և ֆիքսումը:
— Ի՞նչ է նշանակում՝ «երիկամի ֆիքսում»:
— Ուրեմն այսպես, երիկամի տակ մտցվում է հատուկ ցանց: Այն ամրացվում է այնպես, ասես երիկամը կախված է ցանցաճոճի վրա: Ցանցը պահում է երիկամը՝ թույլ չտալով, որպեսզի այն իջնի իր ֆիզիոլոգիական բարձրությունից ներքև: Մեզի հոսքը նորմավորվում է, համապատասխանաբար, մեզը չի մնում երիկամի ավազանում, մանրէները չեն հասցնում բազմանալ, իսկ պիելոնեֆրիտները դադարում են: Զարկերակը վերադառնում է իր նորմալ դիրքին, նրա տրամագիծը դարձյալ նորմայի սահմաններում է, և վերանում են զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները:
— Իսկ սպինե՞րը: Դե... չէ՞ որ վիրահատությունից հետո սպիներ են մնում: Եվ նաև՝ որքա՞ն ժամանակ եմ անցկացնելու հիվանդանոցում:
— Կես տարի անց Դուք կփնտրեք դրանք և չեք գտնի: Հիվանդանոցում կանցկացնեք 2-3 օր: Առավելագույնս այդքան:
— Իսկ այնուհետև այդ ցանցն անհրաժեշտ կլինի հեռացնե՞լ:
— Ո՛չ: Այն Ձեր օրգանիզմում է մնալու ցմահ:
— Իսկ ես չե՞մ զգալու դա:
— Բնականաբար՝ ոչ: Չէ՞ որ Դուք չեք զգում ատամի պլոմբը:
— Բժի՛շկ, ասեացե՛ք, խնդրում եմ... Իսկ ես կարո՞ղ եմ ծննդաբերել:
— Իհարկե: Վե՛րջ պիելոնեֆրիտների, զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներին. իսկ այլ հակացուցումներ չկան:
— Իսկ... — Հիվանդն ամաչելով փախցնումէ հայացքը, — Իսկ ինձ կարելի՞ է թռչել օդապարիկով: Դա իմ երազանքն է: Ճիշտ է, հիմար բան եմ ասում, բայց... իսկ եթե այդ ցանցը հանկարծ պոկվի՞:
— Ի՞նչ եք ասում, բոլորովին էլ հիմար բան չեք ասում: Վիրահատությունից մեկ ամիս անց երիկամի շուրջ ձևավորվում է հյուսվածքները միմյանց միացնող, հզոր կապսուլա. դա իրենից ներկայացնում է երիկամը պահող, գրեթե բնական ապարատ: Թռեք՝ որքան ցանկանում եք:

Նեֆրոպտոզի վիրահատություն

Նեֆրոպտոզի վիրահատությունը կոչվում է նեֆրոպեկսիա: Վիրահատության էությունն է՝ երիկամի տակ ցանցի անցկացումը և երիկամի ֆիքսումը: Արդյունքում երիկամն ասես պառկում է հատուկ ցանցաճոճի մեջ, որը սահմանափակում է նրա շարժումը դեպի ներքև: Զարկերակն այլևս չի ձգվում, միզածորանը չի ծռվում: Ավարտվում են զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները, դադարում են ցավերը և պիելոնեֆրիտը: Իսկ ամենից լավն այն փաստն է, որ եթե նախկինում այս վիրահատության համար պահանջվում էր մեծ՝ 20 սանտիմետրանոց կտրվածք, և այն ուղեկցվում էր ցավով, տգեղ սպիով և այլ խնդիրներով, ապա ներկայումս այդ վիրահատությունը հնարավոր է իրականացնել լապարոսկոպիկ եղանակով՝ 5 միլիմետրը չգերազանցող երեք փոքրիկ  անցքերից: Հիվանդը դուրս է գրվում վիրահատության հաջորդ օրը՝ չունենալով որևէ անհարմարության կամ ցավի զգացում: Ակտիվ կյանքին, այդ թվում՝ սպորտին, նա կարող է վերադառնալ 2-3 շաբաթ անց:

Սովորական մի պատմություն երիկամի իջեցման մասին

… Իզուր, իզուր ես թույլ տվեցի նրան թռչել օդապարիկով: Պետք է համոզած լինեի նրան չանել դա: Քանի որ վիրահատությունից երեք ամիս անց նա ինձ ուղարկեց էլեկտրոնային նամակ, որում ասված էր. «Բարի օր, հարգելի Հովհաննես Էդուարդովիչ: Օդապարիկով թռիչքը ոչ մի կերպ չազդեց երիկամիս վրա, ես այն նույնիսկ չեմ զգում: Պիելոնեֆրիտներ չկան, ճնշմանս հետ ամեն ինչ կարգին է: Ափսոս, որ նմանատիպ մի ցանց չեք տեղադրել ոտքիս մեջ: Այս պահին ես հիվանդանոցում եմ՝ սրունքաթաթային հոդի ծանրագույն գերձգում: Ցանկանում էի հարցնել՝ արդյո՞ք ունեք ծանոթ տրավմատոլոգ»:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է երիկամի իջեցման բուժում Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը Ձեր ժամանումից 1-2 օր անց: Իսկ 2-3 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:
 

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.