+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Ամորձային երակների վարիկոզ

Ամորձային երակների վարիկոզ
Մի զբոսաշրջիկ Իսպանիայում մտնում է ռեստորան և տեսնում, որ ինչ-որ մի իսպանացի գերագույն հաճույքով վայելում է ծայրահեղ ախորժալի ինչ-որ ուտեստ:
- Մատուցո՛ղ, ինձ ևս դրանից բերե՛ք, - խնդրում է նա:
- Ցավում եմ, բայց չեմ կարող: Հասկանում եք, դա հատուկ ուտեստ է, որը կոչվում է "Կորիդայի ամորձիներ": Այն պատվիրվում է մեկ շաբաթ առաջ, քանի որ կորիդան տեղի է ունենում շաբաթական մեկ անգամ:
- Լավ: Պատրաստե՛ք ինձ համար դրանից հաջորդ կիրակի օրվա համար:
Մեկ շաբաթ անց զբոսաշրջիկը գալիս է ռեստորան, տեղավորվում…
Մատուցողը բերում է ուտեստը:
- Հե՜յ, Սա ի՞նչ բան է: Չէ՞ որ նախորդ անգամ չափաբաժինը հսկայական էր: Այս ի՞նչ եք ինձ բերել: Ես թույլ չե՛մ տա խաբել ինձ:
- Հըմ… Հասկանու՞մ եք, պարոն, այստեղ որևէ խաբեություն չկա:
Համաձայնեք, որ ամեն անգամ չէ, որ պարտվողը ցուլն է…

 

Prologue. Կոչ:
Դե ինչ, խոսե՛նք: Ինչպես ասում են ինձ հարազատ հայերը, ծուռ նստենք, ուղիղ խոսենք: Առանց ենթատեքստերի: Թե ինչու՞ պետք է դրա համար ծուռ նստել, անկեղծ ասած, չգիտեմ:
Խոսե՛նք: Փոքր-ինչ անսպասելի, սակայն արդի և հաստատ կարևոր մի թեմայով… Վարիկոցելե:
Լինում է, չի լինում, մի բժիշկ, վիրաբույժ: Հրեա, սովորության համաձայն: Չէ՛, չէ՛, ի սեր Աստտծո, չմտածեք, թե անտիսեմիտիզմից եմ խոսում: Չնայած, ո՞վ գիտե… Այդ բժիշկը փոքրոգի էր և կարճահասակ: Եվ, ամենայն հավանականությամբ, չէր կարողանում իրականացնել ապենդէկտոմիա, այլ կերպ ասած՝ հեռացնել այդ բորբոքված ճիճվանման մսագունդը: Վերցնում էր ու մարդուն դնում մի սարսափելի անզգայացման տակ, իրականացնում էր նույնպիսի կտրվածք, ինչպիսին արվում է ապենդէկտոմիայի դեպքում, սակայն մեկ տարբերությամբ... Ձախ կողմից: Եթե նա դա արած լիներ մեկ, կամ առավելագույնը՝ երկու անգամ, գործընկերները գուցե ինչ-որ կերպ կարողանային հասկանալ նրան. ինչպես գիտենք, ամեն բան հնարավոր է, մինչև իսկ երեք ամորձի մեկ ամորձապարկում, ինչպես պնդում է մեր գործընկեր Լոմաչինսկին: Մարդ ես, հնարավոր է նաև, որ կույրաղիքը այս դեպքում տեղակայված էր ձախ կողմում... Սակայն ամենևի՛ն: Այդ մարդն իր կյանքի ընթացքում նմանատիպ 30 հազար վիրահատություն է իրականացրել, որի համար վաստակել է մեծ պատիվ ու հարգանք գործընկերների շրջանում: Դե, ի՞նչ կարող ենք ասել՝ բժիշկ-մարդասպան: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ նրա հիվանդներից և ոչ ոք վիրահատության պահին չուներ կույրաղիքի խնդիր, ապա հարկավոր է միայն վերցնել և պախարակել այդ բժշկին: Իսկ նրան, ընդհակառակը, հարգում և պատվում են… Ինչպե՞ս է դա պատահում: Այդ մարդը մտնում էր որովայնի խոռոչ ձախ կողմից և չէր գտնում կույրաղիքը: Ո՛չ բորբոքված, ո՛չ առողջ, այնտեղ բացարձակապես կույրաղիք չկար: Կատաղությունից նա վերցնում և կապում էր ինչ-որ անոթներ: Առաջին պատահած անոթները: Եվ, ինչը հատկանշական է, հիվանդները միշտ երախտապարտ էին նրան, շատերը նույնիսկ յուրաքանչյուր տարի գալիս և նույնիսկ նվերներ էին բերում…
Act 1. Ֆենոմենի բացատրությունը
Գործընկերները, իհարկե, քթի տակ ժպտում էին, տրորում հերթապահությունից հետո կարմրած աչքերը և ասում. «Բայց այս ի՞նչ է ուզում Դիլանյանն այս մարդուց: Ինչու՞ է վարկաբեկում այս բարի և լավ մարդուն»:
Գործընկերնե՛ր իմ բարի, ներեցե՛ք ինձ: Գրական ոճը, որում ես դեռևս առաջին քայլերս եմ անում, որոշակի նախաբան է պահանջում: Հետաքրքիր նախաբան: Դե, իսկ ի՞նչ կարող ենք ասել բժիշկ Իվանիսևիչի մասին: Նույնիսկ Վիքիպեդիան նրա մասին ոչինչ չգիտի: Պնդում է, որ ես փնտրում եմ ոմն Գորան Իվանիսևիչի: Բայց չէ՞ որ ես գիտեմ, որ եթե հանկարծ այդ թենիսիստը համարձակվեր նշտարով անգամ մի փոքր կտրվածք անել, ապա սարսափելի աղմուկ կբարձրանար: Նման սուրբ գործողության համար մարդը բժշկի սերտիֆիկատ պետք է ունենա: Իսկ Գորանը դա չունի:
Մի խոսքով, բժիշկ Իվանիսևիչը հեղինակն է մինչ օրս բավականին հայտնի մի վիրահատության՝ ամորձային երակների ենթաճուկային կապում:
Ինչպե՜ս թե, - կզարմանանք մենք, - իսկ ո՞վ է այն “դահիճը”, որն այդ բժիշկ-մարդասպանին տվել է ամենաթանկարժեքը նման ստոր ձևով ծաղրելու գաղափարը: Պատկերացնու՞մ եք՝ վիրակապել ամորձային երակները: Ինչպիսի՜ զառանցանք:
Այստեղ մի բան կա, որ անհասկանալի է: Այդ բժիշկ կոչեցյալը երկար տարիների ընթացքում իրականացնում էր այդ անհեթեթությունը, և ոչ ոք դա չէր էլ տեսնում... Ոմանք նույնիսկ ծափահարում էին նրան: Ինչու՞: Եկե՛ք հասկանանք:
Act 2. Ամորձի
Ամորձին օրգան է: Փոքրիկ, բայց շատ կարևոր օրգան: Ունի երկու հիմնական գործառույթ՝ արտադրում է սերմնաբջիջներ և արական հորմոն՝ տեստոստերոն: Սա զույգ օրգան է և տեղակայված է "ամորձապարկ" կոչվող պարկի մեջ: Թվում է թե՝ բնությունը հանել է որովայնից դուրս վերարտադրման համար այդքան կարևոր օրգաններ, որոնք նախապես ստեղծվել էին որովայնում՝ մարդու՝ դեռևս սաղմնային շրջանում: Արդյունքում, ամորձիների անոթները երկար են ստացվել: Չէ՞ր կարելի արդյոք տեղային զարկերակներից ու երակներից մի քանի ճյուղ տալ դրանց: Ամորձու զարկերակները սկիզբ են առնում որովայնային զարկերակից, այնուհետև իջնում են դեպի ներքև՝ տեղավորվելով գոտկատեղի մեծ մկանի վրա: Այնուհետև դրանք հատվում են միզածորանի հետ, դուրս գալիս աճուկային խողովակ և դրանով իսկ մտնում ամորձապարկ: Ամորձու աջակողմյան երակները բարձրանում են դեպի վերև և մտնում ստորին սնամեջ երակ՝ սուր անկյան տակ: Ամորձու ձախակողմյան երակները բարձրանում և մտնում են դեպի երիկամային երակ՝ գրեթե ուղիղ անկյան տակ… Դեռևս դպրոցից՝ անատոմիայի դասից բոլորը կհիշեն, որ զարկերակները դեպի օրգաններ են բերում թթվածնով հագեցած արյունը, իսկ արդեն «աղքատացած» արյունը ետ է գնում արդեն երակներով:
Պարզ հարց է առաջանում. իսկ մի՞թե Նախախնամությանը, Գլխավոր Շինարարին, իհարկե թող Աստված ների մեզ, ավելի հեշտ չէ՞ր լինի սաղմային փուլում ամորձիները ստեղծել միանգամից ամորձապարկում և միացնել դրանց փոքրիկ անոթներ՝ վերցնելով դրանք տեղային զարկերակների ու երակների ճյուղերից: Իսկ ինչի՞ համար է ընդհանրապես ամորձապարկը: Գեղեցի՞կ է: Դադարե՛ք: Կնճռոտված մաշկ: Պիգմենտացիան՝ մուգ: Մազերը: Ոջիլներ: Նաև՝ ցավոտ է, երբ հարվածում են… Մի խոսքով, այդ հաստ և կնճռոտ մաշկը բնավ չի պաշտպանում ամորձիները, երբե՛ք: Միայն այն, որ դրանք տեղակայված են որովայնից շատ ավելի սառը մի վայրում… Ամորձիների հեղուկային սառեցման համակարգին կարող էին նախանձել նույնիսկ պրոցեսորների հիդրոքուլերներ արտադրողները: Իսկ ամորձիները սառը սիրում են: Սառը պայմաններում դրանք ավելի լավ որակ են ունենում և գուցե նույնիսկ՝ ավելի աշխատունակ են լինում սերմնաբջիջները: Իսկ ու՞մ է հաճելի սառը պայմաններում ապրել: Եվ ահա դրանք, առաջին իսկ հնարավորության դեպքում, կտրում-անցնում են երկար ճանապարհ նախ դեպի հեշտոց, այնուհետև, ուղղորդվելով մնացորդային սառնության հոսքով՝ վազում դեպի արգանդ, փողեր՝ փնտրելով ձվաբջիջ… Իսկ ավարտը բոլորին է հայտնի. «Ինձ մոտ չեն սկսվում օրերս…»: Եվ այդ դեպքում արդեն՝ կամ ուրախություն, կամ… Կամ կարդացեք պահպանակների մասին Դիլանյանի հոդվածները:
Act 3. Տխուր է: Անոթների անատոմիա
Իսկ ահա պատկերացրեք, պարոնա՛յք, արյան վիճակը, երբ այն ետ է գնում արդեն երակներով: Չէ՞ որ զարկերակը բաբախում է, արյունը հոսում է ճնշման ներքո, եթե իհարկե սիրտն աշխատում է: Իսկ երակով արյունը հոսում է, ընդ որում, մեր դեպքում՝ դեպի վեր, բավականին պասիվ ձևով: Այն հոսում է դժվարությամբ: Եվ երակներում գոյություն ունեն փականներ, որոնք նախատեսված են արյան ետհոսքը կանխելու նպատակով:
Այն պահին, երբ արյունը ցանկանում է հոսել դեպի ետ, փականներն ուղղվում են և թույլ չեն տալիս ետհոսք: Իսկ ետևից հրում են: Մի խոսքով, նախատեսված է ամեն բան: Փականային այդ ապարատը կազմված է շարակցական հյուսվածքից… Եվ որոշ դեպքերում պատահում է այնպես, որ այդ շարակցական հյուսվածքը, մասնավորապես դրա մի մասը՝ կոլագենը, թերի է լինում:
Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված: Մենք՝ բժիշկներս, հակված ենք ամեն բանում մեղադրել էկոլոգիան, ծխելը կամ վարակները: Իսկ երբ ինքներս չենք հասկանում՝ ինչում է խնդիրը, չափազանց խելացի դեմքով հայտարարում ենք. «Հաստատ գենե՜րն են»:
Գեները, իհա՜րկե… Դե, դա ավելի լավ գենետիկները կիմանան: Իսկ մեզ՝ հասարակ մահկանացուներիս, որոնք ընդունակ չեն տարբերելու նույնիսկ Ցիտոզին-Ադենոմոնոֆոսֆատը մատրիցային ռիբոնուկլեինաթթվից (անձամբ ես դա գիտեմ, սակայն չէ՞ որ խոսքը դրա մասին չէ), մնում է միայն տապալված կերպով ուսերը թոթվել՝ հայտարարելով, որ այդ ամենի մեղավորը, միանշանակ, շարակցական հյուսվածքի թուլությունն է:
Իսկ այժմ եկե՛ք ի մի բերենք այս ամենը. ա) երակի փականները չեն աշխատում, բ) երակը երկար է, գ) երիկամային երակ է մտնում ուղիղ անկյան տակ… Ի՞նչ կկատարվի: Վերևից արյունը ճնշում է՝ ցանկանալով գալ ներքև, քանի որ երիկամից այն հոսում է ոչ թե ուղիղ վերև, այլ առավելապես՝ զուգահեռ ընթացող հոսքով, փականները թույլ են, հետևաբար՝ փականները չեն կարողանում արյունը պահել, երակը երկար է՝ արյունը շատ: Այստեղ գործ ունենք անատոմիական ևս մեկ ասպեկտի հետ: Կոչվում է զարկերակա-միջընդերային պինցետ. երբ երիկամային ձախ երակը սեղմված է զարկերակի և աորտայի և միջընդերային զարկերակի միջև (կա այդպիսի մի զարկերակ, սակայն ուշադրություն մի՛ դարձրեք): Ահա՛, նայե՛ք նկարը և կհասկանաք ամեն բան: Եվ ահա այդ պինցետը բարձրացնում է երիկամային երակի ճնշումը, իսկ ինչպես հիշում եք, հեղուկը հոսում է դեպի այնտեղ, որտեղ ավելի հեշտ է հոսել: Դեպի ներքև՝ դեպի ամորձային երակ: (Երիկամային երակ (9), որտեղ մտնում է ամորձային երակը (5), մտնում է ստորին սնամեջ երակ (3), իսկ ճանապարհին սեղմվում է աորտայի (4) և միջընդերային զարկերակի (8) միջև): Եվ ահա ստացվում է այնպես, որ երակներն ուռչում են, դրանց ստորին մասը, մասնավորապես ողկույզանման ցանցը՝ ամբողջությամբ կորցնում է իր փականները… Եվ արյունը կուտակվում ու կուտակվում է: Դե, բնականաբար լցվում է կոլատերալ՝ շրջանցող անոթներ, բայց ոչ ամբողջությամբ:
Հետո ի՞նչ: Ասենք՝ ուռած են ամորձու երակները և ի՞նչ: Երկրի բնակչության մոտ կեսը զբոսնում է լողափերով, հետո ի՞նչ:
Act 3. Վարիկոցելե
Դե ոչ մի առանձնահատուկ բան: Դե, իհարկե տգեղ է, դե երբեմն ցավում է ամորձին, հետո ի՞նչ:
Բայց ահա միայն... Չգիտես՝ ինչու ամորձու վարիկոցելեի հարցում հիվանդի սպերմոգրամման է անհաջող: Եվ կարծես թե ձախ ամորձին մի տեսակ փոքր է թվում... Ինչո՞վ է դա պայմանավորված:
Դրա համար կա պատճառ: Ինչ-որ առումով՝ պրոզայիկ պատճառ: Ապա մտածեք՝ ինչ կպատահի, եթե հեղուկային հովացման համակարգում հեղուկի կանգ առաջացնեք: Պրոցեսորը կտաքացնի հեղուկը, և այն կհասնի եռման աստիճանի: Մոտավորապես նույն բանը տեղի է ունենում ամորձու հետ: Սպասե՛ք: Ստո՛պ: Բայց չէ՞ որ մենք ունենք երկրորդ ամորձի: Ինչու՞ է, այդ դեպքում, վատթարանում սպերմոգրամմայի արդյունքը: Այն պատճառով, որ երակային տաք արյունը ոչ թե բարձրանում է դեպի վեր, այլ բաժանվում է դեպի կոլատերալ անոթներ և տաքացնում երկրորդ ամորձին... Եվ ոչ միայն դա:
Պատկերացնու՞մ եք, իհարկե, թե ինչպիսի երակային արյուն է հոսում երիկամային երակով: Այստեղ առկա են մակերիկամի հորմոններ, այստեղ առկա են երիկամի արագ մետաբոլիզմի կտորներ, մի խոսքով՝ այստեղ կան բավականին զզվելի երևույթներ: Եվ ահա այս ամենը բավականին թույլ երակների միջով ընկնում է ամորձու մեջ: Ձախ ամորձու մեջ: Դրա զարկերակը բերում է լավ, թարմ, թթվածնով, սնուցող նյութերով հագեցած արյուն, իսկ ահա երակները... Երակները դանդաղեցնում են արդեն «աշխատած», «իր գործն ավարտած»  արյունը՝ ավելորդ անգամ թունավորելով այդ փոքրիկ և շատ նրբիկ օրգանը…
Խե՜ղճ օրգան… Վերևի հատվածից այնտեղ է թափվում տաք և թունավոր արյունը, իսկ օրգանի սեփական արյունը տաքանում է և չի բարձրանում դեպի վեր. վերջինս ստիպված է լինում «հագեցնել» հարևանին իր տաքությամբ և թույնով:
Արժե՞ արդյոք զարմանալ, որ անպտղությունից գանգատվող տղամարդկանց 40%-ը տառապում են վարիկոցելե կոչվող այդ սարսափելի ու զզվելի հիվանդությամբ՝ չկասկածելով անգամ դրա մասին:
Act 4. Նվիրվում է Իվանիսևիչի վառ հիշատակին (եթե, իհարկե, նա արդեն մահացել է)

Բժիշկ Իվանիսևիչը բավարարված չէր այդ հիվանդության բուժման արդյունքներով: Եվ ձախ կողմից, այն էլ՝ որովայնի խոռոչից դուրս, կույրաղիքը չէ, որ նա փնտրում էր: Նա փնտրում և կապում էր սերմնային երակները, որպեսզի երիկամային երակի արյունը չլցվեր ամորձային երակներ՝ հստակ հասկանալով, որ ամորձային երակներն ինչ-որ կերպ կլուծեին երակային արյան իրենց սեփական հոսքի խնդիրը: Չունենք ետհոսք, չունենք նաև վարիկոցելե՝ ասաց նա և սկսեց վիրահատել: Համաձայնեք, որ կյանքի ընթացքում 30000 վիրահատությունն այնքան էլ փոքր թիվ չէ: Եվ ահա վարիկոցելեի հենց այդ վիրահատություններից առավել հաջողվածներից մեկն էլ կոչեցին նրա անունով: Ի նշան երախտագիտության:
Բայց ահա այս աշխարհում մինչ օրս ապրում և գործունեություն է ծավալում մի ոմն բժիշկ Մարմար: Թերևս նախանձկոտ  մի անձնավորություն: Քանի որ վերցրել ու իր սեփական անունով է կոչել մի վիրահատություն՝ ամորձային երակների ենթաճուկային կապում: Բուժման մեխանիզմը նույնն է՝ չունենք ետհոսք, չունենք վարիկոցելե: Եվ ահա նա սկսեց բարձրաձայնել բժշկական ֆորումներում, գիտաժողովների և տարբեր կոնգրեսների ժամանակ այն մասին, որ իր մեթոդն ավելի լավն էր, բարդություններն ավելի քիչ էին, գերազանց կոսմետիկ էֆեկտ, իսկ վնասվածքը գործնականում բացակայում էր:
Հոսպիտալացման անհրաժեշտություն չկա: Ցավազրկման անհրաժեշտություն չկա: Միջամտությունը կարելի է իրականացնել տեղային ցավազրկմամբ:
Վարիկոցելեի վիրահատությունից հետո նվազագույն քանակությամբ հակացուցումներ: Ինչպիսի՜ պարզ վիրահատություն:
Ծախու ամերիկացիներն ընդունեցին բժիշկ Մարմարի մեթոդը որպես «ոսկե ստանդարտ», և ներկայումս այդ անիծյալ երկրում վարիկոցելեի դեպքում իրականացվում է միմիայն Մարմարի վիրահատություն
Act 5. Ինչպե՞ս և ե՞րբ բուժել վարիկոցելեն:
- Արդյո՞ք անպայման է վիրահատել այդ չարաբաստիկ բանը, - այդ հարցը տալով՝ Դիլանյանի վիրաբուժական աչքերի վայրի փայլից կհասկանաք, որ նա միայն կողմ է: Փորձենք մի պահ հանգցնել նշտարից և միկրովիրաբուժական ստերիլ նրբունելուց փոխառված այս փայլը և հիմնովին պատասխանենք այդ հարցին:
Վարիկոցելեի վիրահատության նշանակման համար հիմք է հանդիսանում ամորձու չափի՝ առավել քան 10% փոքրացումը և սպերմոգրամմայի խանգարումները: Այդպես է ասում Ուրոլոգիայի ամերիկյան ասոցիացիան: Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիան նույնն է կրկնում: Մի փոքր շտկում: Վարիկոցելեն ունի դրսևորման տարբեր աստիճաններ, իսկ երբեմն ամեն բան պարզ է դառնում միայն դոպլեր հետազոտության ընթացքում: Սակայն փոփոխությունների արտահայտվածությունը կախված չէ վարիկոցելեի աստիճանից… Եվ այն չի ազդում վիրահատությունների նշանակման վրա: Այսինքն՝ վիրահատել անհրաժեշտ է ցանկացած տիպի վարիկոցելե, որի դեպքում առկա են վերոհիշյալ ախտանիշերը և ոչ թե միայն այն դեպքում, եթե դա նկատվում է անզեն աչքով: Դա ասում եմ հենց այնպես, պարզապես նշում եմ:
- Իսկ ահա Դու՛ք, հարգարժան բժիշկ Դիլանյան, - նենգաբար կասեր գործընկերներիցս մեկը, - նույնիսկ չհիշատակեցիք սկլերոթերապիայի, ոչ էլ այդ նույն երակների լապարասկոպիկ կապման մասին: Դուք անգրագե՛տ եք: Զուր չէր, որ ֆիզկուլտուրայի ստուգարքները ստանում էիք մեկ տուփ սուրճի դիմաց: Զուր չէր, որ չէիք մասնակցում քաղաքագիտության դասերին:
Դե, ի՞նչ կարող եմ պատասխանել այդ նողկալի զրպարտությանը…
Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ սկլերոթերապիան: Վերցնում են հիվանդին և խնդրում նրան պառկել արկոսկոպի տակ: Բարկացած բժիշկը հագնում է կապարե պաշտպանիչ հագուստը, քանի որ վախենում է ռենտգենյան ճառագայթներից: Ամորձապարկի վրա իրականացնում է շատ փոքրիկ կտրվածք, գտնում է վարիկոզ լայնացած երակը և այնտեղ է մտցնում բարակ բայց երկար կատետեր: Խողովակ: Դրա միջոցով երակ է ներմուծվում կոնտրաստային նյութ: Այն կոնտրաստային է կոչվում այն պատճառով, որը կլանում է ռենտգենյան ճառագայթները և ցույց է տալիս, թե որտեղ է բժիշկը ներարկելու սկլերոզանը: Խոսքը երակները սոսնձող նյութի մասին է:
Արդյո՞ք կարիք կա ծանրաբեռնելու օրգանիզմը ռենտգենյան ճառագայթներով: Դու՛ք որոշեք:
Ինչ վերաբերում է լապարոսկոպիային:
Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են անձամբ, գիտեն, որ ես լապարոսկոպիայի կրքոտ կողմնակից եմ: Սակայն դատե՛ք ինքներդ: Ընդհանուր անզգայացում: Երեք անցք որովայնի վրա: Փոքր, բայց, այնուամենայնիվ, անցքեր են: Պարտադիր հոսպիտալացում: Կլիպացիա մետաղական կլիպսով: Իսկ պարադոքսն այն է, որ անզգայացումը ենթադրում է առավել մեծ ռիսկ, քան բուն վիրահատությունը:
Ինչպե՞ս: Այդ իսկ պատճառով վիրահատող բժիշկների «Աստվածաշունչ» համարվող Հինմանի «Ուրոլոգիական վիրահատությունների ատլաս» աշխատության մեջ սևով սպիտակի վրա գրված են հետևյալ տողերը. «Մինչ այժմ չեն սահմանված ցուցումներ՝ ամորձային երակների լապարոսկոպիկ եղանակով կապման վերաբերյալ»:
Իսկ ահա, ներկայացնեմ Մարմարի վիրահատությունը: Տեղային անզգայացում: Դե, կամ սպինալ. ըստ ցանկության: Փոքրիկ կտրվածք: Ընդամենը երկու սանտիմետր: Բոլոր լայնացած երակները կապվում են խոշորացույցի տակ, ինչը թույլ է տալիս չվնասել ավշային անոթները: Կոսմետիկ կար: Ուրբաթ օրը վիրահատվում եք, երեկոյան գնում տուն, իսկ երկուշաբթի՝ աշխատանքի: Հիանալի է:

Epilogue

Առողջությունն անկայուն բան է... Պահպանե՛ք այն: Ամուր առողջություն եմ ցանկանում Ձեզ բոլորիդ, Ձեր հարազտներին և բարեկամներին:
Ձեզ շատ սիրող՝ բժիշկ Դիլանյան: